Բավ է պառակտվել
24-04-2014 10:13

Ծիծեռնակաբերդի բարձունք տանող ճանապարհը մարդաշատ է

Դեռևս երեկ գիշերվանից սկսվել է այցելությունը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։ Աշխարհի տարբեր ծայրերից մեր հայրենակիցները գալիս են հարգանքի տուրք մատուցելու 1915թ. Օսմանյան Կայսրությունում հայերի բնաջնջման ծրագրի 1.5 մլն զոհերի հիշատակին ու ծաղիկ դնում նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Ծիծեռնակաբերդի ճանապարհը, ինչպես ամեն տարի, մարդաշատ է։

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի ներսում՝ անմար կրակի մոտ, գիշերը հերթապահել են ՀՅԴ ՛՛Նիկոլ Աղբալյան՛՛ միության երիտասարդները, որոնք նախօրեին, ավանդույթի համաձայն, ջահերով երթ էին կազմակերպել դեպի հուշահամալիր։

Հիշեցնենք, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանի նկատմամբ hայերի ցուցաբերած համակրանքն օգտագործեցին որպես պատրվակ` ողջ հայ բնակչությանը երկրի ներքին թշնամի հայտարարելու համար: 1915 -1923թթ. իրադարձությունները շատ պատմաբանների կողմից գնահատվել են որպես պետության աջակցությամբ իրագործված զանգվածային սպանություն` ցեղասպանություն: Հայաստանում հայտարարում են, որ սպանվել է ավելի քան 1,5 մլն մարդ:

Ցեղասպանության փաստը ճանաչել են մի շարք պետություններ: Այն առաջինը ճանաչել է Ուրուգվայը` 1965թ-ին, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային միությունը: