Բավ է պառակտվել
18-11-2016 16:38

Չուլպան Խամատովան միացավ «Ավրորա» մրցանակիանկախ փորձագետներին

«Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիր Չուլպան Խամատովան միացել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի Անկախ փորձագետների հանձնախմբին: Ռուսասատանցի հայտնի դերասանուհին, որը տարիներ շարունակ զբաղվում է մարդասիրական գործունեությամբ, մասնակցում է 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկրի թեկնածուների նախնական դիտարկման փուլին:

Անկախ փորձագետների հանձնախումբը գործում է«Ավրորա» մրցանակի քարտուղարության կազմում: Հանձնախումբը, հավատարիմ մնալով «Ավրորա» մարդասիարական մրցանակի ընտրական չափանիշներին, ուսումնասիրում է մրցանակին առաջադրված բոլոր թեկնածությունները եւ քվեարկությամբ ընտրում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկնող 20-25 թեկնածուներին:

«Սարսափելի է կարդալ մեր օրերում տառապանքի եւ կյանքի ու մահվան սահմանագծում ապրող մարդկանց մասին, բայց սիրտս ջերմությամբ է լցվում, երբ ծանոթանում եմ այս անձնազոհ հերոսների պատմություններին: Նրանց գոյությունը եւ խիզախ ու նվիրված գործունեությունն ապացուցում են, որ ոչինչ կորած չէ, որ մարդկային կյանքը շարունակում է մնալ բացարձակ արժեք», - ասել է Չուլպան Խամատովան: «Չափազանց հպարտ եմ, որ ես էլ հնարավորություն ունեմ մասնակից դառնալ այս մարդասիրական շարժմանը եւ «Ավրորա» մրցանակի դափնեկրի ընտրության նախընտրական փուլին: Սա շատ կարեւոր եւ պարտավորեցնող փորձառություն է»:

Անկախ փորձագետների հանձնախմբի կազմում ընդգրկվում են մարդասիրության ոլորտի առաջամարտիկներ եւ մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս տարի հանձնախմբի անդամներն են Միջազգային ճգնաժամային խմբի Աֆրիկայի ծրագրի տնօրեն դոկտոր Քոմֆորտ Էրոն, Ֆրանսիայի «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության նախագահ դոկտոր Մեգո Թերզյանը, «Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիր Չուլպան Խամատովան, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի փորձագետ Պեդրո Մուրադյանը, The Elders խմբի նախկին տնօրեն Լեզլի-Աննա Նայթը, Բաց հասարակության հիմնադրամի պատվավոր նախագահ դոկտոր Արյեհ Նեյերը, ԱՄՆ պետքարտուղարի բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով նախկին օգնական Էրիկ Շվարցը, Նյու Յորքի համալսարանի Ստերնի բիզնես դպրոցի Մարդու իրավունքների եւ բիզնեսի կենտրոնի տնօրեն պրոֆ. Մայքլ Պոզները, Crisis Action կազմակերպության արշավների տնօրեն Նիկոլա Ռեյնդորփը, լրագրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Ստեֆան Քյուրքջյանը եւ Արվեստների եւ գիտությունների ամերիկյան ակադեմիայի նախագահ Ջոնաթան Ֆանտոնը:

«Ավրորա» մրցանակի նախընտրական փուլում ընտրված թեկնածուները ներկայացվում են Ընտրող հանձնաժողովին: Հանձնաժողովը գլխավորում է օսկարակիր դերասան եւ մարդասեր Ջորջ Քլունին: Ընտրող հանձնաժողովը «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները կհայտարարի 2017 թվականի փետրվարին: