Բավ է պառակտվել
28-07-2016 10:09

Պավլիկ Մանուկյանի որդին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում է

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արամ Մանուկյանը երեկ ուշ ժամի «էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը Panorama.am-ին ասաց, որ Արամ Մանուկյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նախօրեին բավարարել է ներկայացված միջնորդությունը և որոշում կայացրել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արամ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը 2 ամիս ժամկետով: Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Համապատասխաաբար՝ նախատեսվում է՝ 6-12, 3-8 տարվա ազատազրկում։

Հուլիսի 27-ի գիշեր ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է Պավլիկ Մանուկյանն ու Արամ Մանուկյանը: Նրանք տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, երկուսն էլ վիրահատվել են:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում են գտնվում նաև խմբի ևս երկու անդամ՝ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը:

Գ. Ղլեչյանն ասաց, խմբի երեքի անդամի վիճակն էլ գնահատվում է բավարար: