23-06-2015 15:24

Չինական կազմակերպությունը մտադիր է է մասնակցել ՀՀ-ի հարավային երկաթուղու կառուցմանը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Չինաստանի քաղաքացիական ինժեներական շինարարական կազմակերպության (CCECC) խորհրդի նախագահ Վու Վանլիանգին և ընկերության ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից: Նախարարը ողջունել է հյուրերին՝ հույս հայտնելով, որ նման հանդիպումների ընթացքում քննարկվող հարցերը և ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն մեր երկրի ենթակառուցվածքային համակարգի զարգացմանը: «CCECC» ընկերության խորհրդի նախագահ Վու Վանլիանգին վերահաստատել է չինական կազմակերպության հետաքրքրությունը և ցանկությունը մասնակից դառնալու Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման ծրագրին: Չինական կողմը ներկայացրել է ծրագրի ֆինանսավորման հնարավոր մի քանի մեխանիզմներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկաթուղու կառուցման վերաբերյալ մի շարք այլ հարցեր: Կողմերը հանգամանալից քննարկել են «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրականացման առանձնահատկությունները: Երկուստեք ընդգծվել է երկաթուղու կառուցման կարևորությունը ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար: Չինաստանի քաղաքացիական ինժեներական շինարարական կազմակերպությունը (CCECC) արագ զարգացող ընկերություն է: Վերջին 3 տարիներին «CCECC-ն» հաջողությամբ կնքել է ծավալուն նախագծերի այնպիսի պայմանագրեր, ինչպիսիք են` Նիգերիայի երկաթուղու արդիականացման նախագիծը՝ 850 մլն ԱՄՆ դոլար պայմանագրային արժեքով, Եթովպիայի Միեսո-Դավանլե-Ջիբուտի նավահանգստային երկաթուղու նախագիծը` 1.98 միլիարդ ԱՄՆ դոլար արժեքով և Չադի երկաթուղու ցանցի նախագիծը` 5.631 միլիարդ ԱՄՆ դոլար արժեքով: «CCECC-ի» բիզնեսի գործունեությունը սփռված է Ասիայի 60 երկրներում, Աֆրիկայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Օվկիանիայում, ավելի քան 40 երկրներում ունի գրասենյակներ կամ մասնաճյուղեր: