16-10-2014 20:59

Ուզենք, թե չուզենք, մենք պետք է դառնանք տեղեկատվական հասարակություն.ՀՀ Նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ՀՀ Նախագահի 2014թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև:Այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 26 ուսանող և 16 աշակերտ 5 բուհից և 8 ավագ դպրոցից: Հաշվի առնելով Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և բուհական տեխնոլոգիական կրթական համակարգում ունեցած մեծագույն ավանդը, ինչպես նաև «Սինոփսիս Արմենիա» ընկերության 10-ամյակի կապակցությամբ «Սինոփսիս» ընկերության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Չի-Ֆուն Չանը ևս արժանացել է ՀՀ Նախագահի կրթական պարգևին: Պարգևատրման արարողության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած և Նախագահի 2014թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին, մաղթել հաջողություններ:


Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի կրթական պարգևների հանձնման արարողության ժամանակ


Հարգելի՛ բարեկամներ,
Սիրելի՛ մրցանակակիրներ,

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի կրթական մրցանակների հանձնումը ինձ համար ամենահաճելի, ամենաուրախալի պահերից մեկն է: Մենք շատ ենք խոսել այս մասին և հիմա էլ պետք է կրկնենք, որ ՏՏ ոլորտը մեզ համար գերակայություն է, և այսօր այդ ոլորտը հանդիսանում է ոչ միայն մեր ապագան, այլ այլևս մեր ներկան է: Եվ բոլոր այն պետությունները, ժողովուրդները, հասարակությունները, ովքեր սա ճիշտ են ըմբռնում և ովքեր այս ոլորտում կարող են ունենալ հաջողություններ, ուրեմն ապագան իրենցն է:
Ուզենք, թե չուզենք, մենք պետք է դառնանք տեղեկատվական հասարակություն: Սա մի հուն է, ուր վաղ թե ուշ պիտի մտնեն բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են ժամանակակից քաղաքակրթության մաս: Որքան շուտ և որքան լիարժեքորեն մեզանում կայանա տեղեկատվական հասարակությունը, այնքան լավ և՛ երկրի, և՛ ժողովրդի համար: Որքան ուշ մենք թևակոխենք այդ փուլը, այնքան ավելի շատ խնդիրներ կունենանք: Սա ակնհայտ է: Եվ սա ժամանակի հրամայականն է ու կախված չէ որևէ իշխանությունից:

Այստեղ ներկա մրցանակակիրները և նրանց հասակակից ընկերներն այն կարևոր հիմնասյունն են, որի շուրջ պետք է ամրանա տեղեկատվական հասարակություն ասածը: Համենայնդեպս, մենք ունենք նման ակնկալիքներ և հուսով ենք, սիրելի մրցանակակիրներ, որ դուք մեզ հուսախաբ չեն անի:

Սիրելի՛ մրցանակակիրներ,

Ես շնորհավորում եմ ձեզ այս պարգևներին արժանանալու առթիվ: Բայց հատկապես ես ձեզ շնորհավորում եմ, որովհետև դուք հաջողակ եք: Դուք ունեք բոլոր հնարավորությունները հետագայում զարգացնելու ձեր հաջողությունները: Դուք թանկ եք մեզ համար, որովհետև ցանկացած երկրում, ցանկացած ոլորտում՝ լինի արվեստ, գրականություն, թե տնտեսություն, ամեն ինչ առաջին հեթին կախված է հաջողակ անհատներից, ամեն ինչ հենված է այդ մարդկանց վրա: Նման անհատների կարիք ունեն բոլոր-բոլոր երկրները՝ մեծ, թե փոքր, իսկ մենք՝ հատկապես:

Այսօր երիտասարդների շրջանում մոդայիկ է «կրեատիվ» բառը: Բայց ինձ համար, որպես ավագ սերնդի ներկայացուցչի, ավելի հասկանալի և սրտամոտ է «ստեղծագործ» բառը: Հայերեն այս բառը, կարծում եմ, ավելի տարողունակ է և իր մեջ ունի և՛ ստեղծելու, և՛ գործելու իմաստները: Դուք արժանացել եք պարգևների հենց այն բանի շնորհիվ, որ ձեր աշխատանքում ցուցաբերել եք ստեղծագործական մոտեցում: Շարունակե՛ք նույն ոգով, և ձեզ կսիրեն ավելի շատ, կհարգեն և կգնահատեն ավելի բարձր: Շարունակե՛ք աշխատել ձեր մասնագիտական որակների բարձրացման ուղղությամբ, բայց ոչ թե ուրիշների ասածները սերտելով, այլ ստեղծագործաբար յուրացնելով: Ուսումը նույնպե՛ս դարձրեք ստեղծագործական աշխատանք, և ձեր հայացքի առաջ կբացվի այն, ինչը չկա գրված դասագրքերում և ուղեցույցների մեջ:

Մաղթում եմ ձեզ հաջողություններ: Ավագ դպրոցներն ու համալսարաններն այն սահմանագիծն են, այն դարպասները, որոնցով դուք մտնում եք, այսպես կոչված, «մեծերի աշխարհ», իսկ «մեծերի աշխարհն», հավատացեք, շատ ավելի բարդ է: Այստեղ մրցակցությունը շատ ավելի կոշտ է, այստեղ միշտ չէ, որ կանոններով են աշխատում, և այս միջավայրը ավելի ստերիլ չէ: Մաղթում եմ ձեզ, որ հանկարծ չնահանջեք ձեր ճանապարհից և չհուսահատվեք որևէ պարագայում: Վստա՛հ եղեք, որ դուք ուժեղ եք, և հաջողությունն անպայման կհասնի ձեզ:, որովհետև դուք շնորհաշատ եք, դուք կամք ունեք և ձեր ապագան, եթե ծուլություն չանեք, սխալ ճանապարհով չգնաք, ապահովված է: Ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում: Ապրեք: Շնորհակալ եմ:

Նախագահը հորդորել է պարգևատրված ուսանողներին և աշակերտներին՝ երբևէ չընկճվել քննադատություններից, եթե համոզված են իրենց ուղու, սկսած գործի ճշմարտացիության մեջ և վստահորեն շարունակեն առաջ ընթանալ: Այդ համատեքստում Հանրապետության Նախագահը նշել է, որ կրթության ոլորտում պետության որդեգրած քաղաքականությունը ճիշտ է և ևս մեկ անգամ ընդգծել, որ կրթությունը, գիտությունը մեր երկրի հիմքն են ու ապագան: