Բավ է պառակտվել
14-11-2014 09:42

Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը կկայան 2015 թ. ապրիլի 23-ին

Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը որոշվել է կատարել 2015 թ. ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Որպես ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացուցային օր սահմանվել է ապրիլի 24-ը: Որոշումներն ընդունվել են Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց հերթական ժողովում, որը կայացել է նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, օրհնությամբ և նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Սրբադասման հանձնախմբին հանձնարարական է տրվել նաև ձեռնամուխ լինել անհատական սրբադասման համար անհրաժեշտ ուսումնասիրություններին` նկատի ունենալով Կոմիտաս վարդապետին և ուրիշ անհատների: Ժողովն ընդունել է Հայոց Ցեղասպանության նահատակների ամենամյա տոնակատարության ծիսական կանոնը, որը ներառում է շարականի կանոնը և ժամամուտը, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության նահատակ սրբերի վկայաբանությունը: Նոյեմբերի 13-ի երրորդ նիստին մասնակցել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների աշխատանքները համակարգող տիար Վիգեն Սարգսյանը: Նա հանգամանալից ներկայացրել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով 2015 թվականին նախատեսվող պետական ծրագրերը` անդրադարձ կատարելով Հայ Եկեղեցու հետ Հայստանում և Սփյուռքում համատեղ իրականացվելիք միջոցառումներին: Տեղեկացվեց նաև նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին: Ժողովի վերջին օրն անդրադարձ է կատարվել նաև ազգային-եկեղեցական կյանքում առկա զանազան մարտահրավերներին, Եկեղեցու առաքելության առավել արդյունավետ իրականացման ճանապարհին լուծման կարոտ ծիսական, քարոզչական, կրթադաստիարակչական, սոցիալական խնդիրներին, որոնց հիման վրա ձևավորվեց առաջիկա Եպիսկոպոսաց ժողովների օրակարգը: Եպիսկոպոսաց հաջորդ ժողովը կգումարվի 2016 թվականին: