Բավ է պառակտվել
19-09-2014 15:15

Հռոմի Պապը 2015թ.-ի ապրիլին պատարագ կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Այսօր Երևանում կազմակերպված «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համահայկական համաժողովի ընթացքում Հայոց Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Պատրիարք Ներսես Պետրոս XIX –ը հայտարարեց, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապն իր հետ համատեղ 2015թ.-ի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում պատարագ կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Սա կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում նախատեսված ամենահզոր միջազգային իրադարձություններից մեկը, քանի որ պատարագին կմասնակցեն Կաթոլիկ եկեղեցու կարդինալներ և բարձր դասի հոգևորականներ, ինչպես նաև Վատիկանում հավատարմագրված տարբեր երկրների մոտ 190 դեսպաններ: Բոլոր համաշխարհային ԶԼՄ-ները հետևելու են այս իրադարձությանը», - ասաց Ներսես Պետրոս XIX–ը : Նրա խոսքով՝ քրիստոնյա աշխարհի բարձրագույն առաջնորդը հերթական անգամ 1915թ.-ին իրականացրած հայերի ջարդը կորակի ցեղասպանություն՝ կոչ անելով այլ պետություններին ոչ միայն ճանաչել, այլ նաև դատապարտել այս իրադարձությունը:
«Հայաստան-Սփյուռք» 5-րդ համահայկական համաժողովն անցկացվում է սեպտեմբերի 19-20-ը Երևանում: Համաժողովին մասնակցում են սփյուռքում գործող կառույցների մոտ հազար ներկայացուցիչներ, որոնց թվում են՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մեծ Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը, Հայոց Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Պատրիարք Ներսես Պետրոս XIX –ը: