Բավ է պառակտվել
26-01-2015 15:31

Այսօր մենք շատ ավելի պինդ ենք , որքան երբևէ չենք եղել.ՀՀ Նախագահ

Հակառակորդի նախահարձակ գործողությունների նպատակը ակնհայտ է: Ադրբեջանի իշխանությունը չի թաքցնում, որ քաղաքական ու ռազմական միջոցների համադրմամբ ձգտում է մշտական լարվածություն ստեղծել մեր շուրջ: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում, որտեղ մասնակցել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի եւ հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին: «Ուզում եմ սկսել նրանից, որ տարվա սկիզբը լարված էր, եւ մենք ականատեսն ենք հակառակորդի բազմաթիվ նախահարձակ գործողությունների: Ունեցանք ցավալի կորուստներ, որոնց համար սգում ենք՝ ընկած բոլոր տղերքի ընտանիքների եւ հարազատների հետ միասին: Կարծում եմ՝ որեւէ մեկը չի կասկածում, որ տղերքից յուրաքանչյուրի կյանքի համար ադրբեջանցիները թանկ են վճարելու. նրանք թանկ են վճարել, այսօր թանկ են վճարում եւ ապագայում այդպես էլ լինելու է»,- նշել է նա:   Ըստ Սարգսյանի, հակառակորդի նախահարձակ գործողությունների նպատակը ակնհայտ է: «Ադրբեջանի իշխանությունը չի թաքցնում, որ քաղաքական ու ռազմական միջոցների համադրմամբ ձգտում է մշտական լարվածություն ստեղծել մեր շուրջ: Դա պարզ շանտաժի քաղաքականություն է, որի հիմնական հասցեատերը ոչ այնքան մենք ենք, որքան միջազգային հանրությունը: «Ամեն ինչ միայն ինձ» անհեթեթ գործելաոճով կատարյալ ձախողման հասնելով բանակցային գործընթացում` պաշտոնական Բաքուն փորձում է բոլորին ցույց տալ, թե ինչեր կարող է անել, եթե չբավարարվեն իր բոլոր քմահաճույքները, առանց հասկանալու, առանց լրջորեն վերլուծելու, թե ինչպիսի սարսափելի հետեւանքներ կարող է ունենալ այդ ամենը հենց իր համար: Ավելին, ամեն անգամ, երբ Հայաստանի ներսում որեւէ խնդիր է առաջանում կամ ցավալի իրադարձություն է տեղի ունենում, Ադրբեջանին թվում է, թե եկել է իր աստեղային ժամը, եւ նա անմիջապես իրեն ցույց է տալիս առաջին գծում»,- ասել է Սարգսյանն ու հավելել. «Իզուր: Շատ իզուր: Մենք քսանհինգ տարի առաջ՝ ավելի բարդ ու դժվար պայմաններում, իրենց ավել-պակաս ելույթներն ու ախորժակը տեսել ենք: Այս դահլիճում հավաքվածների մեծ մասը, վստահ եմ, հիշում են, թե ինչպիսի հոխորտանքներ էին հղում նրանք 90-ական թվականների սկզբներին, թե ինչպես էին սպառնում Ստեփանակերտում ադրբեջանական դրոշ ծածանել, նրանցից մեկն այնքան էր իրեն կորցրել, որ խոսում էր Սեւանում իր ոտքերը լվանալու մասին, իսկ Շուշիից հետո ամեն շաբաթ կրկնում էին, որ կարճ ժամանակում Շուշիում թեյ են խմելու: Մենք այդ ամենը տեսել ենք: Չենք հոխորտացել, բայց մարտի դաշտում մեր գերակայությունն ենք նրանց պարտադրել: Այսօր մենք շատ ավելի պինդ ենք: Այնքան պինդ ենք, որքան երբեւէ չենք եղել»: