Բավ է պառակտվել
10-03-2014 14:13

Մինչև ապրիլի 15-ը մայրաքաղաքում կիրականացվի ծառերի սանիտարական էտ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են մայրաքաղաքի կանաչապատման ուղղությամբ տարվող աշխատանքները, որի շրջանակում իրականացվում է հողի փխրեցում, իսկ առաջիկա օրերին էլ կներկրվի 400 հազար ծաղկասածիլ: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցությունում, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Զեկուցվել է նաև, որ մեկնարկել և մինչև ապիրլի 15-ը կշարունակվի ծառերի և թփերի սանիտարական էտը: Հանձնարարվել է, աշխատանքներին զուգահեռ, ապահովել ճյուղերի տեսակավորումն ու տեղափոխումը՝ խուսափելով աղբի կուտակումներից:
Անդրադառնալով սեփականատերերի կողմից իրենց պատկանող տարածքների մաքրման ու պատշաճ վիճակի բերելու աշխատանքներին՝ զեկուցվել է, որ գույքագրվել է շուրջ 100 անխնամ տարածք: Սահմանված կարգով բոլոր սեփականատերերը ծանուցվել են անհրաժեշտ համապատասխան աշխատանքների իրականացման մասին: Որոշ սեփականատերեր արդեն իսկ ձեռնարկել են միջոցներ և պատշաճ տեսքի բերել իրենց պատկանող հողակտորները: Հանձնարարվել է շարունակել ու մշտական հսկողության տակ պահել աշխատանքները: Հանձնարարվել է նաև ուսումնասիրել և կարգաբերել ջրային կառույցներում, ինչպես նաև ցայտաղբյուրների ցանցում առկա թերությունները՝ ապահովելով առաջիկայում դրանց լիարժեք գործարկումը:
Վարչական շրջաններում տաքսիների կայանատեղիներ կազմակերպելու վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու մասով զեկուցվել է, որ ստացվել է ավելի քան 70 առաջարկ: Մասնագիտական լրացուցիչ ուսումնասիրություններից հետո վերջնականապես կառանձնացվի 40 հասցե:
Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ այսօրվանից մեկնարկում է «Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության միամսակը, որի շրջանակում Երևանի հաշվառում ունեցող կանանց համար մի շարք ուղղություններով կիրականացվեն անվճար հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում, նաև կվիրահատվեն: Կամո Արեյանը փոխանցել է քաղաքապետի հանձնարարականն այս ուղղությամբ հետևողական լինելու և բոլոր դիմողների համար պատշաճ սպասարկում ապահովելու վերաբերյալ: