11-04-2016 16:29

ՌԴ-ի հայերի միությունը մտահոգություն է հայտնում Ադրբեջանին զինելու կապակցությամբ

Ռուսաստանի հայերի միությունը խիստ մտահոգություն է հայտնում ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարությունների կապակցությամբ, որ Ռուսաստանը շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջանին:Այս մասին ասված է Ռուսաստանի հայերի միության տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնի է, ապրիլյան քառօրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանական ուժերը մի շարք ռազմական հանցագործություններ իրականացրեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ազգաբնակչության եւ գերիների նկատմամբ: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հանդեպ վերջին օրերին ծավալված ռազմական գործողություններն իրականացվել են ռուսական ռազմական տեխնիկայի կիրառմամբ:

«Մի կողմից ադրբեջանական ագրեսիայի լայնամասշտաբ դատապարտումը միջազգային հանրության կողմից, ու ԵԱՀԿ Մինսկի խմբի, եւ, հատկապես, Ռուսաստանի միջամտությունը մյուս կողմից, ագրեսորին ապրիլի 5-ին պարտադրեցին դադարեցնել կրակը։

Սակայն, Ռուսաստանի ցանկության բացակայությունը՝ հրաժարվել զինել մի երկիր, որը պատերազմ է մղում ՌԴ-ի երկար տարիների դաշնակցի՝ այն պետության դեմ, որը ՀԱՊԿ-ի եւ ԵՏՄ-ի անդամ է, բողոքի ալիք է բարձրացրել Հայաստանում եւ Ռուսաստանում, եւ, ցավոք, Հայաստանում հակառուսական տրամադրությունների բռնկման առիթ դարձավ՝ երկիր, որը հետխորհրդային բոլոր տարիների ընթացքում Ռուսաստանի ռազմական եւ քաղաքական հուսալի դաշնակից լինելու սկզբունքներին չդավաճանած միակ պետությունն է եղել:

Ռուսաստանի դիրքորոշումն առավել քան անհասկանալի է ՌԴ վարչապետի այն հայտարարության համատեքստում, որ Ադրբեջանը պատերազմում է Թուրքիայի աջակցությամբ: Հիշեցնենք, որ Թուրքիայի հետ սիրախաղը եւ նրա իրական բնույթը ճանաչելու ցանկության բացակայությունը Ռուսաստանին հանգեցրին նրան, որ չնայած երկու երկրների բարձրագույն ղեկավարության մակարդակով ձեռք բերված նրբանկատ պայմանավորվածություններին՝ Թուրքիան դանակ խրեց Ռուսաստանի թիկունքին: Հայ ժողովրդի նկատմամբ հարյուր տարի առաջ ցեղասպանություն իրականացրած այդ երկիրն այսօր էլ, չնայած բազմաթիվ երկրների եւ միջազգային կազմակերպությունների կողմից դատապարտմանը, հետեւողականորեն շարունակում է իր քաղաքականությունը:

Ադրբեջանը՝ որպես Թուրքիայի բնական դաշնակից, այսօր նմանօրինակ քաղաքականություն է իրականացնում՝ ազգային հերոսների շարքին դասելով սպայի, ով սպանել էր քնած իր հայ գործընկերոջը, ում հետ նա Բուդապեշտում վերապատրաստում էր անցնում ՆԱՏՕ-ի ծրագրով: Կամ էլ նրանց, ովքեր սոցիալական ցանցերում հրապարակում են իրենց լուսանկարները՝ հայ զինվորների կտրված գլուխներով:

Կարծում ենք, որ Ադրբեջանի հետ ներկայիս սիրախաղը կարող է հանգեցնել այն բանին, որ իրենց իրական դաշնակցին՝ Թուրքիային հետեւելով, նա կարող է «դանակ խրել» Ռուսաստանի թիկունքին՝ միայն այն տարբերությամբ, որ դա կլինի «դանակ», որը նրան վաճառել է Ռուսաստանը:

Հայաստանին Ռուսաստանի հետ կապում են ոչ միայն ռազմավարական եւ դաշնակցային հարաբերությունները, այլեւ դարավոր եղբայրական զգացմունքները, որոնք ստուգվել են ժամանակի եւ փորձությունների միջոցով: Հենց Ռուսաստանի հանդեպ ունեցած անկեղծ վերաբերմունքի պատճառով հայ հանրությունը, ռուսական հանրության աջակցությամբ, այսօր կոչ է անում Ռուսաստանին ոչ միայն հավատարիմ մնալ ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության համաձայնագրին (1 հոդվածի համաձայն ՝ անդամները չպետք է մասնակցեն մյուս անդամ-պետության դեմ ուղղված միություններին եւ գործողություններին), այլեւ իր վարած քաղաքականությունում առաջնորդվել բարոյականության եւ արդարության նորմերով:

Մենք համոզված ենք, որ արդարությունը Ռուսաստանի համար լավագույն քաղաքականությունն է. Ռուսաստանը մյուսների, առավել եւս՝ իր դաշնակիցների հանդեպ արդար լինելով միայն կարող է ապավինել իր նկատմամբ վերաբերմունքին՝ որպես համաշխարհային գերտերության, որն այսօր աշխարհի շատ ազգերի համար դարձել է պաշտպանության եւ արեւմտյան միաբեւեռության հակազդեցության խորհրդանիշ»,- ասված է հայտարարության մեջ։