Բավ է պառակտվել
07-09-2016 17:02

70 տարվա դադարից հետո կբացվի Բյուրականի աստղադիտարանի գլխավոր մուտքը

Բյուրականի աստղադիտարանի 70-ամյակն այս տարի նշանավորվելու է երկու խոշոր միջոցառումներով: Սեպտեմբերի 12-ից կսկսվի «Բյուրականյան 5-րդ դպրոցը», որին կմասնակցեն երիտասարդ աստղագետներ ՀՀ-ից, Իրանից, Թուրքիայից, Ռուսաստանից: Իսկ սեպտեմբերի 19-ին ԳԱԱ նախագահությունում տեղի կունենա հանդիսավոր նիստ, որին կմասնակցեն գիտնականներ մի շարք երկրներից: Նիստին կհաջորդի միջազգային գիտաժողովը: Այս մասին այսօր հայտնեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Նրա խոսքով` հոբելյանական տարում առաջնայինը ոչ թե միջոցառումներն են, այլ հնարավորությունները, որոնց շնորհիվ կառույցը կատարում է իր առաքելությունը` աստղագիտության զարգացում: Այս առումով աստղադիտարանի վիճակը վերջին տարիներին բարելավվել է: «Սարքերն արդիականացվել են, մասնավորապես` մեր խոշոր դիտակը, որը լավ վիճակում է: Երկրորդ` փոքր դիտակն էլ 25 տարվա անգործությունից հետո սկսել է աշխատել»,-տեղեկացրեց տնօրենը: Հայկ Հարությունյանը հիշեցրեց, որ սեպտեմբերի 18-ը` Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես աստղագիտության օր: Բյուրականի աստղադիտարանն այդ օրը դռները կբացի հյուրերի համար, կլինեն դասախոսություններ, հանդիպումներ: Ի դեպ, տնօրենը հայտնեց, որ աստղադիտարանի շինությունները եւս բարեկարգվում են. «Հետաքրքիր փաստ ասեմ` 70 տարի անց մենք որոշել ենք բացել մեր հիմնական դուռը: 70 տարի շարունակ աստղադիտարան էին մտնում ետնաբակից: Այս տարի վերջապես կբացենք հիմնական մուտքը, որ աստղադիտարան մտնողը զգա` որտեղ է գտնվում»: