Բավ է պառակտվել
29-01-2016 10:41

ՄԻԵԴ-ում Ռամիլ Սաֆարովի գործով արդյոք ՀՀ-ն կներգրավվի որպես երրորդ կողմ

ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեռեւս չի ցանկանում մեկնաբանել ՄԻԵԴ-ի որոշումն այն մասին, որ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանի սպանության գործով որպես պատասխանող կողմ են ճանաչվել Ադրբեջանի եւ Հունգարիայի կառավարությունները։ «Ես ձեռնպահ կմնամ որեւէ մեկնաբանություն տալուց, քանի որ վերջնական որոշում այս պահին չկա»,- այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը այս գործով երրորդ կողմ կներգրավվի: Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում Բուդապեշտում անգլերենի դասընթացներ էին անցկացվում: Դրանց մասնակցում էին հայ եւ ադրբեջանցի սպաներ, այդ թվում՝ ապագա զոհ Գուրգեն Մարգարյանն ու նրան սպանած Ռամիլ Սաֆարովը: Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը թափանցում է հայ սպաների սենյակ եւ կացնահարում քնած Գուրգեն Մարգարյանին: 2006 թվականի ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ առանց 30 տարի ժամկետով համաներման իրավունքի: Դատարանում Սաֆարովը փոխել էր ցուցմունքները, հրաժարվել նախնական հայտարարությունից՝ պատճառաբելով, որ վատ գիտի ռուսերեն եւ անգլերեն: 2012 թվականի օգոստոսի 31-ին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի որոշմամբ, Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ նախագահի կողմից ներում շնորհվեց, բարձրացվեց նրա ծառայողական աստիճանը եւ նվերներ ստացավ՝ բնակարան եւ 8 տարվա աշխատավարձը: Հունգարիայի այդ քայլին ի պատասխան՝ Հայաստանը դադարեցրեց այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները: