Բավ է պառակտվել
03-07-2017 16:39

Կլինի՞ արդյոք ամառ կենտրոնական Ռուսաստանում

Չնայած «Ֆոբոս» եղանակային կենտրոնի իրենց գործընկերների մտահոգիչ կանխատեսումներին, Ռուսաստանի հիդրոմետ կենտրոնի օդերևութաբանները կարծում են, որ հուլիսի երկրորդ կեսին Ռուսաստանի կենտրոնում տաք է լինելու:
Հուլիսի երկրորդ կեսն ու օգոստոսը Մոսկվայում և մերձակայքում խոստանում են տաք լինել, այս մասին ասել է հիդրոմետ կենտրոնի ղեկավար Ռոման Վիլֆանդը:
«Եթե հուլիսի երկրորդ և օգոստոսի առաջին կեսի համար հավանական կանխատեսում տանք, ապա օդերևութաբանները խոստանում են պարզ, արևոտ օրեր՝ 25 և ավելի ջերմաստիճանով»,- ասել է Վիլֆանդը:
Նրա խոսքերով դա չի նշանակում, որ « ողջ ընթացքն այդպես տաք կլինի», սակայն հիդրոմետ կենտրոնի ղեկավարն ընդգծել է, որ «իսկական ամառային, ջերմ օրեր այնուամենայնիվ կլինեն»:
Վիլֆանդը նաև պատմել է, որ դիտարկումների ողջ ընթացքում (այսինքն մոտ 140 տարի) ամենաանձրևոտ տարին եղել է 2016թ.: «Իսկ ամենացուրտ հունիսը եղել է 2003թ., այդ ժամանակ ջերմաստիճանը ցածր էր նորմայից 4,5 աստիճանով»,- հայտնել է հիդրոմետ կենտրոնի ղեկավարը: Նրա խոսքերով, այժմ ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է ընդամենը 2,5 աստիճանով:
Կլիմայաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ Վլադիմիր Սեմյոնովը կենտրոնի ստացած կանխատեսման գնահատման հարցում համաձայն է Վիլֆանդի հետ: « Հուլիսի առաջին կեսին ամառը կգա»,- հայտարարել է Սեմյոնովը: Նա նաև ընդգծել է, որ հիդրոմետ կենտրոնն իր կանխատեսման մեջ մատնանշում է, որ «հուլիսին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի»: Նրա խոսքերով, մինչև հուլիսի 9 սպասվում է տեղումնառատ ցիկլոն, բայց « հետո, մինչ հուլիսի կեսերը չոր կլինի», իսկ ցերեկային ջերմաստիճանը կհասնի +25 աստիճանի: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա. Մ. Օբուխովի անվան Մթնոլորտի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Իգոր Մոխովը զրույցում պարզաբանել է, որ կենտրոնական Ռուսաստանում առատ տեղումների շրջանը կապված է մթնոլորտային շրջանառության հետ:
« Տաքացման հետ կապված ընդհանուր միտումը, որ կատարվում է այս տասնամյակի ընթացքում, ուղեկցվում է մթնոլորտում խոնավության մակարդակի բարձրացմամբ: Ռուսաստանի եվրոպական հատվածում անձրևներ են, բայց միևնույն ժամանակ Բայկալում և Սև ծովում շոգ է: Նման ալիքային դրսևորումները կարող են տևել մի քանի օրից մինչև ամիս, ընթանում է պրոցեսների հերթափոխ»,-հայտարարել է Մոխովը: Նրա խոսքերով, «գլոբալ առումով մոլորակն այժմ շատ տաք է», ընդ որում տեղումների բաշխումը հանգեցնում է տարածաշրջանային անոմալիաների: « Այս տարի տեղումների տեսանկյունից Ռուսաստանի եվրոպական մասի բախտը չի բերել»,- հստակեցրել է նա:
Կիրակի օրը, հուլիսի 2-ին, եղանակային «Ֆոբոս» կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը հայտարարել է, որ Ռուսաստանի կենտրոնական հատվածում ամառ «արդեն չի լինի»: Նրա խոսքերով, այս տարածաշրջանում ջերմաստիճանը հազիվ թե բարձրանա նույնիսկ մինչև 25 աստիճանը: Նման կանխատեսում է արել նաև Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի « Կլիմա և էներգիա» ծրագրի ղեկավար Ալեքսեյ Կոկորինը:
Կոկորինը գտնում է, որ կենտրոնական Ռուսաստանում եղանակի կտրուկ տատանումները կապված են ջերմոցային էֆեկտի ուժեղացման հետ: «Այդ փոփոխությունները բերում են այն բանին, որ մենք ավելի շատ անոմալ երևույթներ ենք ունենում՝ ցածր ջերմաստիճաններ, բարձր ջերմաստիճաններ, տեղումների տարափներ, և ժամանակահատվածներ, երբ տեղումներ չկան»,- ասել է նա:
Օդերևութաբանների հայտարարություններից հետո, ՌԴ ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովը սելեկտորային խորհրդակցության ժամանակ իր գերատեսչության աշխատակիցներին կոչ է արել հույսը եղանակի վրա չդնել և հուլիսին պատրաստ լինել Ռուսաստանի տարածքում եղանակային կատակլիզմներին: « Հունիսը բարդ և լարված էր: Հուլիսի եղանակային կանխատեսումն էլ վկայում է այն մասին, որ մեզ մոտ եղանակային կատակլիզմներ են լինելու»,- ասում է Պուչկովը:
«Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Ելենա Վոլոսյուկն իր մեկնաբանությունում հաստատել է, որ հուլիս ամսվա համար «Ֆոբոս»կենտրոնի կանխատեսումները լավատեսական չեն: «Դատելով հաշվարկային սխեմաներից, հուլիսի երեք առաջին տասնօրյակները կենտրոնական Ռուսաստանում խոստանում են սառը լինել: Ջերմաստիճանները բազմամյա ցուցանիշներից ցածր են»,- ասել է Վոլոսյուկը: