07-03-2014 17:20

Ընտանեկան բռնության պատճառով Հայաստանում այս տարի 4 կին է մահացել

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Կանանց ռեսուրսային կենտրոնի» աշխատակից, ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի արտաքին և հասարակության հետ կապերի պատասխանատու Սիրան Հովհաննիսյանը նշեց, որ կանայք ընտանեկան բռնության են ենթարկվում նաև ընտանիքներում, և միայն այս տարվա առաջին եռամսյակում նման բռնության արդյունքում 4 մահ է գրանցվել:

Ըստ նրա, ընտանեկան բռնությունը լինում է մի քանի տեսակի, բայց հիմնականում մնում է փակ դռների հետևում՝ լինի թեթև հոգեբանական ճնշում, թե ընդհուպ մինչև ծայրահեղ բռնություններ: Եվ հիմնականում այն պատճառով, որ՝ «դե, ամոթ է, ի՞նչ կասեն, ընտանիքի պատիվը կգցես»: Եվ լինում են դեպքեր, երբ բանը հասնում մինչև նրան, որ կինն իր կյանքով է վճարում այդ «ամոթ»-ների համար»,- ասաց նա:

Ըստ Սիրան Հովհաննիսյանի ,որպես կանոն, իրենց հակադարձում են, որ Հայաստանում չկա կանանց բռնություն՝ «չկա տենց բան» խոսքերով: Ըստ նրա՝ բռնարարն ընտանիքում հիմնականում ամուսինն է, որը փորձում է իր հսկողության տակ պահել կնոջը:

Կանանց նկատմամբ խտրականություն, ըստ բանախոսի, կա նաև տնտեսական ոլորտում:
՛՛Օրինակ՝ չնայած աշխատանքի շուկային առնչվող օրենսդրությամբ հաստատված է, որ նույն աշխատանքի համար կինը և տղամարդը պիտի ստանան նույնքան աշխատավարձ, բայց իրականությունն այլ է՛՛,-հավելեց բանախոսը:

Սիրան Հովհաննիսյանը նշեց, որ կանայք թե՛ ավելի դժվարությամբ են աշխատանքի ընդունվում, թե՛ մնում են, այսպես ասած, ցածր շերտերում։ Հիմնականում ծառայությունների սպասարկման ոլորտում են ավելի շատ մնում և չեն հավակնում ավելի բարձր պաշտոնների:

Նշենք, որ կենտրոնը սկսում է «Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար» մեկամսյա միջոցառումների շարքը: