Բավ է պառակտվել
12-02-2014 11:23

Պարտադիր կուտակային համակարգին դեմ են դուրս եկել նաև մետրոպոլիտենի աշխատողները

՛՛Պարտադիր կուտակային կենսաթոշակային ՛՛ համակարգի դեմ բողոքողների շարքերն ընդլայնվում են: Սկզբից ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնությանը միացան հայտնի քաղաքական գործիչներն ու ճանաչված մարդիկ, այնուհետև տարբեր ընկերություննների աշխատակիցները, արդեն 2 օր է համակարգի դեմ բողոքում են օպերայի դերասանները, ՛՛Հարավկովկասյան երկաթուղիներ՛՛ ընկերության աշխատողները: Իսկ ահա, այսօր էլ, վաղ առավոտից բողոքի ցույցեր են կազմակերպել Մետրոպոլիտենի աշխատողները:
Երևանի ՛՛Կարեն Դեմիրճյանի՛՛ անվան մետրոպոլիտենի գլխամասային գրասենյակի մոտ հավաքվել են ընկերության աշխատակիցները, ինչպես միշտ, նրանց սատարում են ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնության անդամները: Մետրոպոլիտենի աշխատողներից մի քանիսը նշել են, որ այս ամիս 14 հազար դրամով աշխատավարձը պակաս է եղել:
Ըստ աշխատողների՝ իրենց աշխատավարձը իջեցրել են, նրանք նշում են, որ գոնե պետք է բարձրացնեն, հետո նոր աշխատավարձից պահումներ անեն: Ըստ նրանց, Հայաստանում չպետք է մարդկանց ստիպեն, այլ հարկավոր է կենսաթոշակային համակարգից ՛՛պարտադիր՛՛ գործառույթը վերացնեն:
Մետրոպոլիտենի աշխատակիցները դիմում են գրել ու ներկայացրել տնօրինությանը, սպասում են պատասխանի: Մինչ այս պահը Մետրոպոլիտենի տնօրինությունը շենքից դուրս չեն եկել ու չեն զրուցել աշխատողների հետ:
Ըստ ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնության անդամների, այսօր, բողոքի ակցիայի մասնակիցների թիվն ավելի շատ պիտի լիներ, բայց նախօրեին տնօրինությունը կանխել է այն, որոշ աշխատողների նկատմամբ ճնշում կիրառելով: