Բավ է պառակտվել
05-02-2014 14:37

Բողոքի ակցիա ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի

 «Ո՛չ երկակի ստանդարտներին», «Մենք դեմ ենք Մինսկի խմբի համանախագահների վարած քաղաքականությանը» վանկարկումներով, այսօր, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական խորհրդի և երիտասարդական թևի անդամները ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիայով դիմավորեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ովքեր Երևան էին ժամանել Բաքվից։
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական, երիտասարդական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանի հիշեցմամբ՝ Մինսկի խմբի առաքելությունն է նպաստել խաղաղության պահպանմանը, բայց իրենք իրենց գործողություններով ուղղակիորեն նպաստում են պատերազմի վերսկսմանը. «Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հիշեցնենք իրենց իսկական առաքելությունը՚: Վերջինիս խոսքով՝ հավասարություն դնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործողությունների միջև՝ նշանակում է նպաստել, խրախուսել Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական, ագրեսիվ քաղաքականությանը և նրան թույլ տալ շարունակել այն։ Ակցիայի մասնակիցները, պահանջում են Մինսկի խմբի համանախագահներից համապատասխան վերաբերմունք և կեցվածք դրսևորել, իրերը կոչել իրենց անուններով:
Հիշեցնենք, որ այս օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գտնվում են տարածաշրջանում: Փետրվարի 3-ին նրանք այցելել էին Բաքու, իսկ այսօր՝ Երևան: