Բավ է պառակտվել
23-04-2014 18:28

Բոլորը պետք է ճանաչեն այն՝ նման եղեռնագործություններ թույլ չտալու համար. Է. Շարմազանով

Վերջին տարիներին Հայաստան-Լիտվա հարաբերություններում առաջընթաց է արձանագրվել: Այս մասին, այսօր, Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յոուզաս Օլեկասի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Շարմազանովը հույս է հայտնել, որ ամեն ինչ կարվի երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար: Ըստ նրա, երկու պետություններին ու ժողովուրդներին ավելի են մերձեցնում արժեհամակարգային ընդհանրությունները. պատահական չէ, որ Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը, եւ մերձբալթյան երկրներից միակն է, որ ճանաչել է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը: Էդուարդ Շարմազանովը երկկողմ հարաբերությունների զարգացումը պայմանավորել է նաեւ ԵՄ-ին Լիտվայի անդամակցությամբ եւ Հայաստանի եվրաինտեգրման գործում ներդրած նրա ջանքերով: Նա հավաստիացրել է, որ Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշումը աշխարհաքաղաքական իրողություններով ու ազգային շահերով է պայմանավորված, ինչը երբեք խոչընդոտ չի կարող լինել ԵՄ-Հայաստան երկխոսության համար:

Էդուարդ Շարմազանովը կարեւորել է հայ-լիտվական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, պատգամավորական բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունը: Նա շնորհակալություն է հայտնել Լիտվայի ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ցուցաբերած հավասարակշռված մոտեցման եւ Մինսկի խմբի գործունեությանն աջակցելու համար:

ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնակատարն անդրադարձել է նաեւ Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի միջոցառումներին՝ ասելով. ՛՛Մեր ժողովրդի հանդեպ գործած այդ ոճիրը պետք է սթափեցնի համայն մարդկությանը: Բոլորը պետք է ճանաչեն այն՝ նման եղեռնագործություններ թույլ չտալու համար: Ցեղասպանությունը չդատապարտելը գրեթե հավասարազոր է խրախուսելուն՛՛:

Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յոուզաս Օլեկասը խոսել է հայ-լիտվական հարաբերությունների զարգացման հնարավորությունների, հեռանկարների, մասնավորապես ռազմական համագործակցության մասին եւ հավաստիացրեց, որ Լիտվան հասկանում եւ սատարում է Հայաստանի խաղաղության ու կայունության ձգտումը եւ միշտ պատրաստ է աջակցելու Հայաստանի ժողովրդավարացմանն ու եվրաինտեգրմանը: