Բավ է պառակտվել
28-09-2016 12:36

Բոլիվուդը կարող է հնդիկ զբոսաշրջիկների ներգրավել Հայաստան. պատվավոր հյուպատոս

Բոլիվուդը կարող է Հայաստան հնդիկ զբոսաշրջիկների ներգրավել, եթե այստեղ գոնե մեկ ֆիլմ նկարահանի, կարծում է Հայաստանում Հնդկաստանի պատվավոր հյուպատոս Եշվարան Շիվկումարը:

«Հայաստանը չքնաղ է, և եթե Բոլիվուդն այստեղ գոնե մեկ ֆիլմ նկարահանի, երկիր բազմաթիվ հնդիկներ կայցելեն: Ես ընդհանրապես կարծում եմ, որ Հայաստանն ավելի գրավիչ է զբոսաշրջիկների համար, քան Եվրոպան», - չորեքշաբթի լրագրողներին ասաց Շիվկումարը` Հնդկաստանի առևտրա-արդյունաբերական պալատների դաշնության և Հայաստանի ԱԱՊ-ի միջև համագործակցության խորացման համաձայնագրի ստորագրումից հետո:

Հնդկաստանի առևտրա-արդյունաբերական պալատների դաշնության պատվիրակությունը Հայաստանում կլինի սեպտեմբերի 28-30-ը: Պատվիրակության կազմում են 11 ընկերությունների ղեկավարներ, որոնք ներկայացնում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, գյուղատնտեսական վերամշակումը, շինարարությունը, հյուրանոցային բիզնեսը:

Շիվկումարի խոսքով, հնդկական բիզնեսը շատ է հետաքրքրում Հայաստանը:

«Ստորագրված համաձայնագիրը կօգնի ընդլայնել առևտրային կապերը, ինչպես նաև հարաբերություններ հաստատել ձեռնարկատերերի միջև: Հնդկաստանը հետաքրքրված է Հայաստանի ՏՏ ոլորտում, ենթակառուցվածքում և տուրիստական բիզնեսում ներդրումներ կատարելու հարցում», - ասաց Շիվկումարը:

Նրա խոսքով, Հայաստանը հետաքրքրում է Հնդկաստանին ոչ միայն ինքն իրենով, այլ նաև որպես ԵՏՄ և Արևելյան Եվրոպան տանող կամուրջ: Նա հիշեցրեց, որ կան Հայաստանում հաջողության հասած հնդկական ընկերությունների օրինակներ: