04-03-2015 09:29

Շուրջ 140 Ուկրաինայի քաղաքացի ապաստան է խնդրել Հայաստանում

2014-2015 թվականների ընթացքում Հայաստանի պետական միգրացիոն ծառայությունը 141 քաղաքացու համար ապաստան ստանալու խնդրանքով 74 դիմում է ստացել Ուկրաինայի քաղաքացիներից: Այդ մասին նախօրեին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պետական միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտայի հետ հանդիպման ժամանակ: Եգանյանը նշել է, որ դիմողներից 17 քաղաքացիները էթնիկ ուկրաինացիներ են, 7-ը՝ ռուս, իսկ մնացածը՝ հայ: Ինչպես հայտնել են ՀՀ միգրացիոն ծառայության մամլո ծառայությունից, Ուկրաինայի դեսպանը ներկա է եղել հանդիպմանը հյուպատոս Վալենտին Կուլիչկինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի և Ուկրաինայի միջև ռեադմիսիայի մասին համաձայնագրի կնքումը: Կողմերը արձանագրել են, որ փաստաթղթի տեքստի համաձայնեցման գործընթացը ավարտվել է և այն ստորագրելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Իվան Կուխտայի խնդրանքով Գագիկ Եգանյանը տրամադրել է Հայաստանում ապաստան խնդրող Ուկրաինայի քաղաքացիների վերաբերյալ վիճակագրական տվյալները: