Բավ է պառակտվել
16-04-2016 09:01

Վիրավորներն ապաքինվում են. հաղթող զինվորի վերքերը շուտ են լավանում

ՊՆ Զինված ուժերի ռազմաբժշկության վարչության պետի տեղակալ Հարություն Գալստյանը տեղեկացրեց, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլի սկզբին տեղի ունեցած միջադեպերի հետևանքով հայկական կողմի վիրավորների թիվը 125 է

Հարություն Գալստյանի խոսքով` ծայրահեղ ծանր է գնահատվում 5-ի վիճակը։ Բայց մի բան հաստատ է` բոլոր վիրավորների մոտ դրական տեղաշարժ կա։

«Ինչպես ասում են` հաղթող զինվորի վերքերը շուտ են լավանում։ Բոլորի վիճակը վերահսկում են մասնագետները»,- ասաց նա։

Գալստյանի տեղեկացմամբ` Կենտրոնական հոսպիտալում բուժվող վիրավոր զինծառայողներից միայն 2-ի վիճակն է ծայրահեղ ծանր։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնող ևս երեքը քաղաքացիական հիվանդանոցներում են։ Վիրավորների մեծ մասը ստացել են բեկորային վնասվածքներ։ Արդեն 3 հոգուն դուրս են գրել հոսպիտալից։ Սակայն այս հարցում մասնագետները չեն շտապում` նախընտրում են դուրս գրել միայն լիարժեք ապաքինումից հետո։ ՊՆ Զինված ուժերի ռազմաբժշկության վարչության պետի տեղակալը մեկնաբանեց, թե ինչ ասել է ծայրահեղ ծանր։

«Եթե առկա է կենսական կարևոր օրգան-համակարգերի խոր ախտահարում, որն առանց արտաքին միջամտության կարող է բերել անդառնալի հետևանքների, որակում ենք ծայրահեղ ծանր։ Խոսքը վերաբերում է շնչառական, կենտրոնական նյարդային ու սիրտ-անոթային համակարգերի ախտահարումներին»,- ասաց նա։

Գալստյանն ավելացրեց, որ վիրավորներին տեղափոխելու գործընթացը բարդ է, որովհետև օրգանիզմի անհատականության հարց կա։ Երբեմն տեղափոխման հարցը խիտս ռիսկային է։ Ապաքինումից հետո, Գալստյանի խոսքով, զինծառայողների մոտ անխոցելիության զգացում է առաջանում, նրանցից շատերն ուզում են լուծել մահացած ընկերոջ վրեժը, դա, ըստ բանախոսի, բթացնում է իրականության զգացումը։ Որոշակի գործողություններ են տարվում, որ նրանք ադապտացվեն առկա իրավիճակին։

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, սակայն երկու կողմն էլ հայտարարում է, որ փոխադարձ պայմանավորվածությունը խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի 77 մարտական և 11 ոչ մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ: