Բավ է պառակտվել
28-03-2016 08:22

Դոնի Ռոստովում ինքնաթիռի աղետի պատճառը կարող էր լինել օդաչուների վեճը

ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում FlyDubai ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի աղետը կարող էր տեղի ունենալ օդաչուների խցիկում տեղի ունեցած վեճի պատճառով, հաղորդում է հետաքննությանը մոտ աղբյուրը:
Աղբյուրը նշում է, որ մասնագետները վերծանել են օդանավի խոսքային և պարամետրիկ ինքնագրիչ սարքերի տվյալները: Արդյունքում նրանք կարողացել են վերականգնել տեղի ունեցածի պատկերը։
Պարզվել է, որ 2-րդ շրջանը կատարելիս նոր բարձրություն հավաքելու ժամանակ օդաչուներին անհրաժեշտ է եղել ինքնուրույն որոշել ինքնաթիռի քթի թեքության անկյունը` կողմնորոշվելով սարքավորումների ցուցմունքներից:
Մասնագետները կարծում են, որ օդաչուները հաշվի չեն առել Boeing-ի յուրահատկությունները` վայրէջքի ռեժիմից դեպի բարձրություն հավաքելու անցման ժամանակ։ Ինքնաթիռը հանգիստ վեր բարձրանալու փոխարեն սլացել է վեր՝ ինչպես կործանիչ:
Մասնագետները կարծում են, որ օդաչուները հոգնածության կամ փորձի պակասի պատճառով չեն հասկացել օդանավի ինքնաբերաբար մանյովրը, իսկ երբ օդանավի արագությունը սկսել է կտրուկ նվազել, խցիկում վեճ է տեղի ունեցել։
Գլխավոր օդաչուն ավելացրել է շարժիչների աշխատանքի ռեժիմը` փորձելով արագություն հավաքել: Իսկ գործընկերը կարծել է, որ անհրաժեշտ է իջեցնել ինքնաթիռի քթային հատվածը։

«Կանգնի՛ր: Ո՞ւր: Կանգնի՛ր». բղավոցներով նա դիմել է գործընկերոջը` իրենից հեռացնելով ղեկը, որպեսզի դադարեցնի արագության հավաքումը:
Անձնակազմին հաջողվել է համաձայնեցնել գործողությունները միայն այն պահին, երբ 2 օդաչուներն էլ զգացել են բացասական հետևանքները, սակայն արդեն չափազանց ուշ է եղել:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում 2016թ. մարտի 19-ին վթարի էր ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել էին բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 7 անդամները: