Բավ է պառակտվել
07-06-2014 13:23

ՀՀ Կոտայքի մարզպետը ներողություն է խնդրել բնապահպաններից

ՀՀ կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը հայտարարությամբ է հանդես եկել, որով ներողություն խնդրում բնապահպաններից՝ «Պատասխանատու հանքարդյունաբերություն, մարտահրավերներ և հնարավորություններ» կոնֆերանսի շրջանակներում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

Հայտարարությունում ասվում է հետևյալը.

«Հարգելի բնապահպաններ,

Ես իրոք ափսոսանք եմ հայտնում, որ «Պատասխանատու հանքարդյունաբերություն, մարտահրավերներ և հնարավորություններ» միջազգային կոնֆերանսի շրջանակներում Ձեզ հետ մեր հարցուպատասխանը վերածվեց վիճաբանության:

Երկխոսության կառուցման ու քաղաքակիրթ բանավեճի ծավալման մշակույթի ու փորձի պակասը, ցավոք սրտի, հանգեցրեց մի իրավիճակի, որի արդյունքում հնչեցին անհիմն մեղադրանքներ և կոշտ արձագանքներ:

Կարծում եմ, որ կողմերը փոխադարձաբար պետք է հայցեն միմյանց ներողամտությունը, ինչը ես անում եմ՝ կրկին անգամ նշելով, որ ոչ մեկի վիրավորելու մտադրություն չեմ ունեցել, պարզապես փորձել եմ զսպել որոշ անձանց ոչ պատշաճ վարքագծի դրսևորումները:

Ես դրական եմ վերաբերվում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշմանը և գնահատականին՝ նկատի ունենալով, որ վերջապես սահմանվեց և դրվեց այն նշաձողը, որը վերաբերվում է քաղաքացիների հետ շփվելիս քաղաքական գործիչների, կառավարության անդամների, պաշտոնատար անձանց հանրային վարքագծին: Դրանով դուրս բերվեցին այն չափանիշները, որոնցով այսուհետ պետք է գնահատվի հանրային ծառայողի, պետական պաշտոնյայի վերաբերմունքը և դրա հարգալից լինելը:

Կարծում եմ այս որոշումը կարևոր է նաև նրանով, որ ընդգծվեց պաշտոնատար անձանց անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը, ինչը հանրային ծառայողների և պաշտոնատար անձանց հետ հարաբերվելու որոշակի վարքագծային կանոններ է թելադրում նաև հասարակության անդամներին:

Ես լիահույս եմ, որ հասարակության անդամները ևս կգնահատեն փոխադարձ հարգանքի վրա քաղաքացի-պաշտոնյա շփումների նոր մշակույթի ձևավորմանն ուղղված Հանձնաժողովի ջանքերը, և Հանձնաժողովի որոշմամբ ամրագրված մոտեցումները համատեղ կյանքի կկոչենք»: