Բավ է պառակտվել
28-03-2014 12:39

Բնապահպան.«Բնապահպանության ոլորտին առնչվող ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս երկիրն ուղղակի մսաղացով անցկացնել»

«Բնապահպանության ոլորտին առնչվող ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս երկիրն ուղղակի մսաղացով անցկացնել, և արդեն այսօր իսկ երկիրը լուրջ բնապահպանական խնդիրների առաջ է կանգնած», -նման դիտարկում արեց, այսօր հրագրողների հետ հանդիպման ժամանակ բնապահպան Հակոբ Սանասարյանը: Վերջինս նաև խորհուրդ տվեց մոռանալ Մեղրի քաղաքի մասին. «6-7 տարի հետո այդ քաղաքն այլևս չի լինի: Միջազգային կազմակերպությունները մեզ մարդ չեն համարում, քանի որ Հայաստանում ստեղծվել են օրենքներ, որոնք խրախուսում են ժողովրդի կողոպտումը, իրոք որ անելանելի վիճակ է»,-ասաց նա: Ինչ վերաբերում է օրեր առաջ Հայաստանում անցկացված «Պատասխանատու և կայուն բնապահպանություն» խորագրով միջազգային կոնֆերանսին՝ բնապահպանը նշեց, որ այն հիմնականում կազմակերպված էր ՀՀ հանքարդյունաբերության քաղաքականության մեջ փոփոխություն չմտցնելու նպատակով: «Հայաստանը լեռնային երկիր է, մենք մեր բոլոր ապառաժների մեջ ունենք թանկարժեք տարրեր, բայց երբ հաշվարկ ենք անում, թե դրանցից ինչ օգուտ կունենանք, կանգնում ենք մի խնդրի առջև. մոտակա տարիներին մենք Հայաստանում մաքուր գետ չենք ունենա»,-ասաց նա: Վերջինս խոսեց նաև ՀՀ վարչապետի հետ բնապահպանների հնարավոր հանդիպման մասին՝ նկատելով, որ նրա հետ իմաստ ունի հանդիպել այն առումով, որ նա խնդիրը գիտի, բայց պետք է պայման դնել, որ հանդիպմանը լինեն տասից ոչ պակաս ակտիվիստներ, լրագրողներ, և միայն այդ դեպքում այդ հանդիպումն օգտակար կլինի: Միարժամանակ նաև նշեց. «Իրականում վարչապետ մեր երկրում գոյություն չունի, մեր երկրում բոլոր խնդիրները լուծում է Սերժ Սարգսյանը»: