09-09-2014 12:04

Բնապահպան Եղիա Ներսեսյանին բերման են ենթարկել

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Նախախորհրդարանի եւ Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Եղիա Ներսեսյանը որպես վկա բերման է ենթարկվել ՀՀ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ 2012 թ. սեպտեմբերին «Խոսրովի անտառ» արգելոցում Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան արջի եւ բեզոարյան այծի ապօրինի որսի գործով: Այդ մասին ասվում է Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարության մեջ:
«Հիշեցնում ենք, որ բնապահպանների, այդ թվում՝ Եղիա Ներսեսյանի ջանքերով հայտնաբերված որսագողության այս դեպքի քննությունը կատարվում է միակողմանի եւ ուղղորդված կերպով: Հանցագործության իսկական մեղավորներին բացահայտելու եւ պատժելու փոխարեն քրեական հետապնդման է ենթարկվում Գառնի գյուղի բնակիչ, 1983 թ. ծնված Նորայր Սարգսյանը: Մինչդեռ նա եւ նրա ընտանիքի անդամները հերքում են որսագողության հետ նրա առնչության հանգամանքը:
Զուգահեռաբար՝ մեղադրող կողմը ձգտում է բնապահպաններին, տվյալ դեպքում՝ Եղիա Ներսեսյանին, ներքաշել այս շինծու քրեական գործի մեջ՝ բնապահպանների եւ ազդակիր օբյեկտների հետ առնչություն ունեցող քաղաքացիների միջեւ արհեստական հակասություններ ստեղծելու նպատակով»,- նշել են հայտարարության հեղինակները: