30-12-2017 11:52

Բլոգեր Լապշինը շուտով կայցելի Հայաստան՝ նվաճելու ամենավտանգավոր ավտոճանապարհը

Ռուս հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով Ղարաբաղ կատարած այցելության համար դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման, և սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահի կողմից արժանացել էր ներման, կիսվել է Հայաստան կատարելիք իր այցի հետ կապված ծրագրերի մասին:

« Հայաստանում ես կարծես թե եղել եմ ամենուրեք, կամ գրեթե ամենուրեք, բացի մի, ու շատ հետաքրքիր շրջանի՝ Սյունիքի, որը գտնվում է երկրի հարավում՝ հյուսիսից Արցախի, արևելքից ադրբեջանական Նախիջևանի և հարավից Իրանի միջև: Այնտեղ շքեղ լեռներ, կիրճեր և ջրվեժներ կան և Հայաստանի ամենավտանգավոր ավտոճանապարհը»,- գրել է Լապշինն իր Facebook-յան էջում:

Բլոգերի խոսքերոն, նա չէր կարողանում գտնել դրա հստակ կոորդինատները և առաջնորդվել է Youtube-յան տեսանյութով:

«Բայց անպայման կգտնեմ: Ես շատ շուտով կգամ Հայաստան, կփորձեմ վարձու ավտոմեքենա ձեռք բերել և կգնամ այդտեղ: Պարտավոր եմ նվաճել այդ ճանապարհը, ու այնպես շատ եմ ուզում, որ ուտել չեմ կարողանում («Միմինո»)»,- գրել է Լապշինը:

Իբրև հետգրություն նա հավելել է, որ մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը օգնել է իրեն հստակեցնել, որ դա Մեղրի- Նռնաձոր ճանապարհն է՝ Հայաստանի և Իրանի սահմանին: 

Բաքվի դատարանը Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել էր 3 տարվա ազատազրկման:

2016 թվականի դեկտեմբերի կեսերին Լապշինը գրել էր, որ իրեն ձերբակալել են Մինսկում՝ Ադրբեջանի հարցման հիման վրա, որտեղ նա ներառվել էր «սև ցուցակում»՝ առանց Բաքվի հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցի համար: Չնայած Ռուսաստանի հնչեցրած բողոքին, բլոգերին Միսկից արտաքսել էին Բաքու:

2015 թվականի հուլիսին Լապշինը օգտվելով ուկրաինական անձնագրից Վրաստանով այցելել էր Ադրբեջան, այնինչ Ղարաբաղ նա այցելել էր ռուսական անձնագրով: Այդպիսով, մեղադրող կողմի կարծիքով, նա խախտել էր պետական սահմանի և անձնագրերի մասին օրենքների կետեր:

2016թ. դեկտեմբերի 16-ին բլոգերին ձերբակալել էին Մինսկում՝ Ադրբեջանի հարցման հիման վրա: Սույն թվականի փետրվարի 7-ին, անտեսելով Մոսկվայի բողոքը, Լապշինին արտահանձնել էին Բաքու:

Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված են մի շարք արտասահմանյան քաղաքագետներ, հայտնի քաղաքական գործիչներ, արտիստներ, նկարիչներ, դերասաններ,մշակույթի և արվեստի գործիչներ: