16-04-2015 08:40

Քարդաշյանի այցի շնորհիվ համաշխարհային մամուլը խոսեց Հայոց Ցեղասպանության մասին

Երևի թե հայկական փոքրիկ Գյումրի քաղաքում առանց տանիք մնացած երկաթե դարպասներով տան մոտ կանգնած Քիմ Քարդաշյան-Ուէսթը և նրա ընտանիքը զգում էին, որ իրենց հարմարավետ տունը հեռու-հեռուներում է մնացել, գրում է The Independent-ի թղթակից Թիմ Ուոքերը: Եվ, այնուամենայնիվ, դա Քիմի նախնիների տունն է, ովքեր ХХ-րդ դարի սկզբին հարազատ Գյումրուց փախչել են ԱՄՆ: Նախորդ շաբաթ Քիմ Քարդաշյանը օգտագործեց իր փառքը Հայաստանի նկատմամբ ուշադրություն հրավիրելու համար: «Մերձավոր Արևելքում իր ճանապարհորդությանը միացել են նրա քույրը՝ Քլոեն, ամուսինը՝Քանյե Ուէսթը և փոքրիկ դուստր Նորթը», - նշված է հոդվածում: Նրանք իրենց ճանապարհորդությունը նկարահանում էին ռեալիթի շոուի համար, քույրերը սոցցանցերում պատմում էին իրենց հայաստանյան առօրյայի մասին: Քարդաշյան քույրերը, ինչպես նաև նրանց զարմիկները՝ Քուրթնի և Կարա Քարդաշյանները հանդիպեցին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին: «Երևան կատարած նրանց այցը մի իրարանցում առաջացրեց: Ընտանիքին ամբոխներով էին հետևում», - գրում է պարբերականի թղթակիցը: Ուէսթը անակնկալ համերգ տվեց, իսկ համերգի ավարտին առանց մերկանալու ցատկեց լճի մեջ: «Քարդաշյանների ընտանիքը եղավ Հայաստանում Հայոց Ցեղասպանության՝ թուրք օսմանների կողմից 1,5 մլն. Հայերի սպանության, հարյուրամյա տարելիցից օրեր առաջ»,- նշված է հոդվածում: Քիմը գրել է, որ Երևանի Ցեղասպանության թանգարանում չափազանց սրտահույզ օր է անցկացրել: Որոշ շրջանակներում Քիմը քննադատվել է Ինսթագրամում «ցեղսապանություն» բառը օգտագործելու համար, նշում է հեղինակը: «Վերջին տարիներին նա գրում էր բլոգերում և Ինսթագրամում այդ զանգվածայինսպանությունների մասին, սակայն իր ներկայացուցիչները հայտնեցին, որ տվյալ ճանապարհորդության ժամանակահատվածը պատահականություն է, և Քիմը ընդամենը ցանկանում էր ճանաչել իր հայկական արմատները», - հավելել է լրագրողը: