Բավ է պառակտվել
09-12-2015 10:34

Պահեստազորի մայորին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության համար. ԱԱԾ

ՀՀ քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր, 38–ամյա Գարիկ Մարությանին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության համար։ Ինչպես հաղորդում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, 2015թ. դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր՝ Գարիկ Խաչիկի Մարությանը։ «Մարությանը, երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ և վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ», – նշվում է հաղորդագրության մեջ։ Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության)։ Մարությանին առաջադրվել է մեղադրանք պետական դավաճանության համար: Կատարվում է նախաքննություն: