07-03-2014 15:52

Ակտիվիստին բերման ենթարկելիս ոստիկանները նրա ՛՛վիզը խեղդե՞լ՛՛ են

Մոտ մեկ ժամ առաջ Ոստիկանության Կենտրոնի բաժնից դուրս եկավ այսօր Ֆինանսների նախարարության առջեւ «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված առաջին ակտիվիստը՝ Հակոբ Արշակյանը:
Ոստիկանության բաժանմունքի մոտ հավաքվածները նրան դիմավորեցին «հերոսներ, հերոսներ» վանկարկումներով:
Հակոբ Արշակյանը լրագրողներին ասաց, որ իր նկատմամբ վարչական տույժի մասին արձանագրություն է կազմվել, որն ինքը չի ստորագրել. «Չեմ պատրաստվում վճարել, որովհետեւ ոչ մի անօրինական բան չեմ արել»,-հավելեց նա:
Ակտիվիստը բերման ենթարկվելիս ֆիզիկապես չի տուժել, բայց հիշում է, որ իր «վիզը խեղդում էին»:
Իսկ ահա Երևանի փոխոստիկանապետը նշում է որ առաջին անգամ է լսում, թե ոստիկանը բռնության ենթարկի քաղաքացուն: Այս պահին ակցիայի մասնակիցները դրսում հավաքված սպասում են մյուս երկու բերման ենթարկվածներին: