01-08-2014 16:07

BBC-ն անդրադարձել է Վիքիպեդիա հանրագիտարանում հայերի ակտիվությանը

Բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիան անդրադարձել է հայերի ակտիվությանը Wikipedia էլեկտրոնային հանրագիտարանի տիրույթում: Վերջինս նշում է, որ այժմ յուրաքանչյուր հայի «հայրենանվեր պարտքն» է մի-մի հոդված գրել Wikipedia-ի համար:
BBC-ն «Արմենիա» հեռուստաընկերությանը հղումով գրում է, որ «Մեկ հայ, մեկ հոդված» ազգային արշավի նպատակն է բարելավել ինչպես հոդվածների քանակը, այնպես էլ որակն այդ ռեսուրսում: Նշվում է, որ քանակի առումով (այժմ 125.000 հոդված) հայերն առաջ են անցել հարևաններից: Վրացիները Wikipedia-ում ունեն մոտ 84.000, իսկ ադրբեջանցիները՝ 102.000 էջ:
Նշվում է նաև, որ գործին լծված է ոչ միայն Հայաստանի բնակչությունը, այլև մոտ 8 միլիոն կազմող հայկական սփյուռքը: Հոդվածների առումով ակտիվություն են ցուցաբերում ոչ միայն մասնագետները, այլև հայտնի դերասաններ, երաժիշտներ, քաղաքական գործիչներ: Մեջբերվում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքը, թե ինքը վստահաբար գրելու է իր հոդվածը Wikipedia-ի համար և հավատում է, որ մյուսներն էլ են անելու դա:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նույն առիթով հայտնում է արդեն իր կողմից պատրաստ հոդվածի մասին, որը նվիրված է հայոց բանակին: