12-08-2014 13:22

՛՛Բազե՛՛ մրցույթում ջոկատների թիվն ավելացել է

Օգոստոսի 18-24-ը Ծաղկաձորում անցկացվելու է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը, որին մասնակցելու է շուրջ 500 երիտասարդ: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը:

«Այս տարվա «Բազեն» մի քանի առանձնահատկություններ է ունենալու: Հավաքն ունենալու է մի փոքր ռազմական մարտական ուղղություն, աշխատանք են տանելու պաշտպանության նախարարության համապատասխան բաժինների մասնագետներ, ովքեր տալու են հմտություններ, որոնք անհրաժեշտ են այսօրվա իրավիճակում»,- ասաց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը:

Հովհաննես Գաբրիելյանը նշեց, որ այս տարի ավելացել են ջոկատները՝ ՀԿ-ների, երիտասարդ երկրապահների, լրագրողների ջոկատներ: Հավաքը, ըստ նրա, հագեցած է մշակութային, մարզական և ինտելեկտուալ մրցույթներով: Մրցույթին զուգահեռ անցկացվելու են նաև հանդիպումներ մշակութային, հասարակական, քաղաքական, պետական գործիչների հետ:

«Բազե»-ի նարնջագույն խմբի գեղարվեստական ղեկավար Արման Խաչատրյանն ասաց, որ այս հավաքի ընթացքում բացահայտվում են տաղանդավոր երիտասարդներ:

«Բազե-նորաձևություն» մրցույթի ժյուրիի նախագահ, դիզայներ Արամ Նիկոլյանը ասաց, որ հավաքի մասնակիցները բավականին հետաքրքիր մտքեր են առաջ քաշում:

«Երբեմն նախանձում եմ նրանց, որ ես և իմ կոլեգաները չենք կարող ունենալ այդ մտքի թռիչքը: Իրենք չգիտեն չիկարելիների սահմանը, ինչով էլ պայմանավորված է հագուստների յուրահատկությունը»,- նշեց Ա. Նիկոլյանը՝ հավելելով, որ ներկայացված մտքերը դառնում են ոգեշնչման աղբյուր:

«Բազե»-ի ամբողջ բյուջեն ֆինանսավորվում է Երիտասարդական հիմնադրամի կողմից: