Բավ է պառակտվել
11-03-2014 15:24

12 ժամը լիովին բավարար է պատգամավորին հեղինակազրկելու համար

Պատգամավորները ցանկանում են սահմանափակել մամուլի ազատությունն, այս մասին այսօր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց BlogNews կայքի խմբագիր Արամ Անտինյանը, անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Ըստ Անտինյանի նրանք, ովքեր այս օրենսդրական նախաձեռնությունը մշակել են, տուժած են մամուլի կողմից։ Պարզապես նրանք ոչինչ չունեին անելու, դրա համար սկսեցին մշակել սա։
՛՛Նրանք կարծում են, թե ինտերնետի խնդիրը երկրի խնդիրն է։ Գնացե՛ք, բազմաբնակարան շենքերի լիֆտերի հարցը լուծեք, ո՛չ թե պայքարեք ֆեյքերի դեմ՛՛,- նշեց Արամ Անտինյանը՝ շարունակելով, թե օրենքում ասվում է, թե լրատվամիջոցը կհրաժարվի պատասխանատվությունից, եթե հրապարակի իր աղբյուրը։
Իսկ ՛՛Ժողովուրդ՛՛ օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանի կարծիքով ողջունելի քայլ է զրպարտության դեմ պայքարը, պարզապես դա պետք է արդյունավետ արվի, որպեսզի օդում թողնված կրակոցի չնմանվի։

«Այս օրինագիծը չի կարող պայքարել զրպարտության դեմ, քանի որ միջոցներ չկան։ Ի՞նչ քայլերով պետք է ապացուցեն կեղծ օգտատիրոջ ինքնությունը։ Մինչ այժմ ՀՀ իրավապահ մարմիններից ոչ մեկը հանձն չի առել բացելու կեղծ օգտատիրոջ IP–ն։ Ես չեմ պատկերացնում, թե ինչպես են բացահայտելու և պայքարելու ֆեյքերի դեմ»,-ասաց Թագուհի Թովմասյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններից պատգամավորների համահեղինակությամբ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է լրատվամիջոցների նկատմամբ պատասխանատվություն սահմանել՝ Facebook սոցիալական ցանցից անանուն օգտատիրոջ էջերի վիրավորական և զրպարտական բնույթի տեղեկատվությունը հրապարակելու համար:

Թագուհի Թովմասյանն անդրադառնալով օրինագծի կետերից մեկին, որը նախատեսում է, որ զրպարտանք կամ վիրավորանք տեղադրելուց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում պետք է գրառումը հեռացվի, ասաց, թե իր կարծիքով 12 ժամը լրիվ բավարար է, որպեսզի տվյալ մարդը հեղինակազրկվի։
Արամ Անտինյանի համոզմամբ, սա հերթական օրինագիծն էր, որը բավական սխալ կերպ մեկնաբանվեց։

«Շատերը նույնիսկ օրինագծի մասին տեղյակ էլ չեն, պարզապես ֆեյսբուքյան էջերում կարդալով ֆեյքերի գրառումները՝ դեմ են արտահայտվում օրինագծին»,-ասաց Արամ Անտինյանը:

«Ես իմ կայքի շահերը չեմ պաշտպանում, մենք ի սկզբանե պաշտպանել ենք այս նախաձեռնությունը և մեր կայքի էջում մշտապես կոչ ենք արել վիրավորանք և զրպարտություն պարունակող գրառումներ չհրապարակել»,-ասաց նա, հավելելով, թե դաշտը կանոնակարգելու կարիք չկա, որովհետև համացանցի հետևից հնարավոր չի «հասցնել», քանի որ այն շատ արագ զարգացող երևույթ է։