24-09-2014 14:15

Բարկացած վարորդները կարմիր գծերը ներկում են սևով

Կարմիր գծերի դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության մի քանի վարորդներ որպես բողոքի նշան այսօր սեւ են ներկել Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցում՝ Շենգավիթի թաղապատերանի մոտակայքում, Parking City Service ընկերության կողմից արված կարմիր գծանշանների մի մասը (ֆոտոռեպորտաժ):
News.gisher.ru-ի հետ զրույցում նախաձեռնության անդամներից մեկը նշեց, որ վաղ թե ուշ հարկավոր էր համարձակություն ձեռք բերել ու պայքարել.
՛՛Խաչմերուկ ա, դպրոց ա, անչափահաս երեխաները վազում են ու ոչ մի զեբրա չկա, անցում չկա մարդկանց համար, իսկ իրենք կարմիր գիծ են գծել, չենք ընդունում, թքած ունենք իրենց կարմիր գծերի վրա, չենք վճարելու: Ինչքան ասում ենք՝ տեղ չի հասնում, մենք իրանց փող չենք տա, հայաթը լիքը խոտ կա, թող գան ուտեն: Եթե լավ տղա են, 6 միլիոն անգամ ասեցինք, խնդրեցինք օրենքով, մարդկայինով կանչեցինք երկխոսությունների, մենք թույլ չենք տալու՝ մեր փողերն ուտեն՛՛,-նշեց պայքարողներից մեկը:
Նախաձեռնության անդամներն իրենց մեքենաները կանգնեցրեցին ոչ թե կարմիր գծանշումների վրա՝ սահմանված վայրում, այլ փողոցի երթեւեկելի մասի երկրորդ շարքում:
Վարորդներին բարկացրել էր այն, որ փողոցն ասֆալտապատելուց հետո հետիոտնի անցումը չէին գծանշել:
Ըստ նրանց՝ Կառավարությունը, Ազգային ժողովը այնքան ողորմելի վիճակում են գտնվում, որ ոստիկանը զեբրայի դեր է կատարում:
՛՛Չկա գծանշում, բայց կարմիր գծեր կան՛՛,- նշեց Արտաշես Միսակյանը:
«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամներն ասացին, որ նմանատիպ ակցիաներ հնարավոր է անցկացվեն նաեւ Երեւանի այլ վարչական շրջաններում: