11-08-2014 18:51

Բարեկարգվել է մայրաքաղաքի ստորգետնյա 3 անցում

Ստորգետնյա հետիոտնային անցումները առավել հարմարավետ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014 թվականի ծրագրով մայիսին մեկնարկեց Երևանի ստորգետնյա 3 անցումների նորոգումը: Ըստ այդմ, բարեկարգվել ու պատշաճ տեսքի են բերվել Երևանի կենդանաբանական այգուն հարակից ստորգետնյա հետիոտնային անցումը, Մյասնիկյան պողոտայի հարևանությամբ գտնվող ստորգետնյա հետիոտնային անցումը և Ալեք Մանուկյան փողոցում`ՀՊՏՀ-ից ԵՊՀ տանող ստորգետյա հետիոտնային անցումը:


Բարեկարգման աշխատանքների ընթացքում նորերով են փոխարինվել անցումների պատերի ու հատակների բացակա բազալտե սալերը, համապատասխան ներկով են ներկվել պատերն ու առաստաղները, պատերը ենթարկվել են ավազաշիթային մշակման, ինչպես նաև հղկվել է բազալտով երեսպատված պատերի մակերևույթը:

Ստորգետնյա անցումներն արդեն լիարժեքորեն շահագործվում են: Գետնանցումների նորոգումը կշարունակվի նաև հաջորդ տարի: