Բավ է պառակտվել
05-08-2014 07:25

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել ՊԲ բարձրագույն հրամանատարական կազմի հետ

Նախօրեին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ, որի ընթացքում ներկայացվել են զեկույցներ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպերի, Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումների, Արցախի Հանրապետության տարածք դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձերի առնչությամբ:

Արցախի Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի հրամանատարության և անձնակազմի գործունեությունը՝ ուղղված հակառակորդի առաջխաղացման փորձերը արդյունավետորեն կասեցնելուն, որի հետևանքով վերջինս, կրելով մեծ կորուստներ, նահանջեց ելման դիրքերը: Բակո Սահակյանի գնահատմամբ՝ Պաշտպանության բանակի գործողություները ևս մեկ անգամ ցույց տվեցին Արցախի զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակը, զինվորների անսասան ոգին և հայրենասիրությունը:
Նախագահը նաև երախտագիտություն է հայտնել առաջին գիծ մեկնած՝ Արցախյան ազատամարտի վետերաններին՝ բարձր գնահատելով այս ուղղությամբ Արցախի ազատամարտիկների միության կատարած աշխատանքը:
Բակո Սահակյանը ցավով նշել է, որ Հայրենիքի պաշտպանության ժամանակ եղան զոհեր, և ցավակցություն է հայտնել մարտիրոսված զինծառայողների հարազատներին անդառնալի կորստի կապակցությամբ:

Լսելով պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի զեկույցը իրականացված գործողությունների, ներկայումս տիրող իրավիճակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ՝ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել Պաշտպանության բանակի հրամկազմին: Նախագահն ընդգծել է, որ հակառակորդի կողմից առաջնագծում իրավիճակի ապակայունացման ցանկացած փորձ պետք է կասեցվի ՝ միաժամանակ նշելով, որ պաշտոնական Ստեփանակերտը եղել է և շարունակում է մնալ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից: