Բավ է պառակտվել
27-03-2014 12:09

Բակո Սահակյանը հանդիպել է Հադրութի երիտասարդության հետ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին Հադրութ քաղաքում հանդիպում է ունեցել շրջանի երիտասարդության ներկայացուցիչների հետ, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Հանդիպման ընթացքում արծարծվել են հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը և ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել պետության կողմից իրականացվող երիտասարդական քաղաքականությանը: Բակո Սահակյանը նշել է, որ հանրապետության զարգացման օրակարգի գերխնդիրներից է շրջաններում և գյուղերում երիտասարդների համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը` ապահովելով նրանց լիարժեք ներգրավվածությունը տարբեր ծրագրերի իրականացման գործում: Բակո Սահակյանի խոսքով` դա նաև ժողովրդագրական քաղաքականության հիմնասյուներից է: Այս համատեքստում Նախագահը կարևորել է երիտասարդների ակտիվ և նախաձեռնողական լինելը` հավելելով, որ նման մոտեցումը թույլ կտա ավելի արդյունավետորեն լուծել տեղերում առկա բազմաթիվ խնդիրներ: Այնուհետև ԼՂՀ Նախագահն այցելել է հանրապետության հարավային թև և ծանոթացել այնտեղ իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին: Հանդիպմանը ներկա են եղել փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: