02-09-2014 11:13

Բ. Սահակյանը շնորհավորական ուղերձ է հեղել ԼՂՀ անկախության 23-րդ տարեդարձի առթիվ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հեղել ԼՂՀ անկախության 23-րդ տարեդարձի առթիվ, որը ներկայացնում ենք ստորև։

«Սիրելի հայրենակիցներ,

Իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մեր կարևորագույն պետական տոնի` Արցախի Հանրապետության օրվա առթիվ:

1991 թվականի սեպտեմբերի 2-ը շրջադարձային եղավ արցախահայության կյանքում և դարձավ նրա դարավոր երազանքների իրականացման սկիզբը: Այն ազդարարեց Արցախի Հանրապետության ծնունդը, որն արդյունք էր մեր ժողովրդի երկարամյա մաքառումների ու անկոտրում կամքի: Մենք վերջապես նվաճեցինք մեր հողի վրա ազատ ու անկախ ապրելու իրավունքը, ապրելու համամարդկային ու ազգային արժեքներին, ժողովրդավարական նորմերին ու միջազգային սկզբունքներին համահունչ:

Այդ ճանապարհին մեզ սպասում էին ինչպես դաժան փորձություններ, այնպես էլ մեծ հաղթանակներ, հաղթանակներ, որոնք ձեռք բերվեցին անասելի կորուստների ու զրկանքների, մեր հերոս քույրերի ու եղբայրների թափած արյան գնով: Դրանք հնարավոր դարձան համայն հայության միասնականության ու համախմբվածության, մեր ժողովրդի անսասան ոգու ու անձնվիրության շնորհիվ:

Ուղիղ մեկ ամիս առաջ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերը ցույց տվեցին, որ Արցախի Հանրապետությունն ուժեղ է ու անառիկ, քանի որ նրա սահմանին կանգնած է իր հողն ու տունը պաշտպանող զինվորը, կանգնած է ողջ հայ ժողովուրդը: Այդպես է եղել այս 23 տարիների ընթացքում, այդպես կլինի այսուհետ:

Թանկագին հայրենակիցներ,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք ձեր ընտանիքներին, զորացում ու բարգավաճում` մեր հարազատ Արցախին»: