Բավ է պառակտվել
24-12-2014 11:54

ԼՂՀ նախագահի ուղերձ ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի 3-րդ համագումարի մասնակիցներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին ուղերձ է հղել ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի 3-րդ համագումարի մասնակիցներին:
Ուղերձում ասված է.
<< Համագումարի հարգելի մասնակիցներ,
Ողջունում եմ ձեզ եւ շնորհավորում ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի 3-րդ համագումարի մեկնարկի ու կազմակերպության 10-ամյակի կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիդ հաջող ու արդյունավետ աշխատանք:
Գոհունակությամբ պետք է նշենք, որ այս բոլոր տարիների ընթացքում արհմիությունների ֆեդերացիան կարողացել է կայանալ եւ կատարել ծավալուն աշխատանք` իրականացնելով իրեն վերապահված գործառույթները: Մենք կառուցում ենք ժողովրդավարական պետություն եւ քաղաքացիական հասարակություն, որի առանցքում մարդն է, նրա իրավունքներն ու ազատությունները: Եվ այս գործում մեծ է նաեւ արհմիությունների ֆեդերացիայի դերակատարությունը:
Աշխատավորների օրինական շահերի պաշտպանությանը, նրանց սոցիալական հարցերի լուծմանը, գործատուների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ձեր գործունեությունը կարեւոր է ու պահանջված: Մենք ակնկալում ենք, որ այդ աշխատանքները կլինեն ավելի ակտիվ ու համակարգված` ընդլայնելով ու խորացնելով համագործակցությունը տարբեր կազմակերպությունների հետ` ինչպես մեր պետության ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Արցախի իշխանությունները շահագրգռված են եւ շարունակելու են հնարավորինս աջակցել ձեր աշխատանքներին, քանի որ բնակչության սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը, ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը, նոր աշխատատեղերի ստեղծումն այն հիմնական խնդիրներից են, որոնց լուծմանն են ուղղված մեր բոլոր ջանքերը:
Թանկագին բարեկամներ,
Օգտվելով առիթից` ուզում եմ շնորհավորել ձեր գալիք Նոր տարին ու Սուրբ Ծնունդը եւ մաղթել խաղաղություն, քաջառողջություն ու բարօրություն ձեզ, ձեր հարազատներին եւ մերձավորներին>>: