Բավ է պառակտվել
31-01-2015 15:43

Ազնավուրը Ցեղասպանության մասին


Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ պատմել է իր ընտանիքի ու այն մասին, թե ինչպես է գաղթականների ընտանիքն իր մեջ ուժ գտել Ցեղասպանության սարսափներն ապրելուց հետո կյանքը շարունակելու համար։ Ազնավուրի մոր ընտանիքից կոտորածների զոհ են գնացել տատը, պապը, մորաքույրը եւ երկու մորեղբայրները, իսկ մայրն իր տատիկի հետ գաղթել է Ֆրանսիա։ Մայրը փրկվել է միայն նրա շնորհիվ, որ մեկնել էր Ստամբուլ տատիկին այցելության։ Ազնավուրի հայրը, որը Ռուսաստանի քաղաքացի էր, Ցեղասպանության հետեւանքով որեւէ հարազատի չի կորցրել, ինչն Ազնավուրի խոսքով՝ իրենց ընտանիքի գոյատեւման բանաձեւն է եղել՝ մոր արցունքներն ու հոր ծիծաղը։ «Նրանք իրական Ցեղասպանություն չեն ապրել։ Նրանք այն ապրել են իրենց սրտերում, իրենց ընտանիքներում։ Եթե հայրս ու մայրս Թուրքիայի նույն շրջանից լինեին, միգուցե լացուկոծն ավելի շատ լիներ, բայց ես ունեի մի շատ տխուր մայր եւ մի շատ լավատես հայր։ Մայրս միշտ արտասվում էր, երբ հիշում էր ծնողներին։ Նա արտասվում էր, հայրս ծիծաղում։ Սրանք իսկական մարդկային կատակերգության երկու դիմակներն էին։ Դրա համար էլ մենք ոչինչ չիմացանք, սովորեցինք լավատես լինել, գոյատեւել»,- Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաշտոնական կայքին պատմել է աշխարհահռչական շանսոնիեն։