23-07-2014 19:10

Ռուսաստանի իշխանություններին Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու կոչ է արել Շարլ Ազնավուրը

Շառլ Ազնավուրը մտահոգություն է հայտնել գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի կալանավորման առիթով և կոչ արել Ռուսաստանի իշխանություններին, փոխել Հայրապետյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը: Այս մասին տեղեկացնում է Artsakh Today մամուլի կենտրոնը:
Ազնավուրը բազմիցս հանդիպել է Լևոն Հայրապետյանին, մշտապես բարձր է գնահատել նրա գործունեությունը, որն ուղղված է եղել Արցախի և Հայաստանի զարգացմանը: Ըստ նախաքննության, հանցագործությունը, որի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել և որի շրջանակներում կասկածվում է նաև Հայրապետյանը, իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի մասին գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Հուլիսի 15-ի երեկոյան, գործարարին Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալելուց հետո, Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ: Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել էր հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը և որոշել, որ նա պետք է մնա կալանքի տակ մինչև սեպտեմբերի 15-ը: Դատարանը կալանքի մասին որոշումը հիմնավորել էր նրանով, որ ազատության մեջ Հայրապետյանը կարող է օգտագործել իր կապերը ու թաքնվել նախաքննությունից: Բացի այդ, նշված քրեական գործի շրջանակներում դատարանը կալանքի տակ է դրել «Բաշնեֆթի» ակցիաների վրա, որոնց արժեքը անցնում է 300 մլն ռուբլին:
Նշենք նաև, որ Հայրապետյանը չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը և հերքում դրանք: