26-03-2016 09:39

Ադրբեջանը կիրառել է ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմը, ստեղծելով կեղծ լարվածության մասին լուրեր, վերջին օրերին հող էր նախապատրաստում համաքրիստոնեական տոներին իրավիճակի ապակայունացման համար՝ անարգելով միջազգային կազմակերպությունների հորդորները: 
Վերջին 24 ժամերի ընթացքում Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանագոտու ամբողջ երկայնքով, ինչպես նաև ԼՂՀ ՊԲ պատասխանատվության գոտում ինտենսիվորեն կիրառվել են ինչպես հրաձգային զենքեր, այնպես էլ 60 և 82 մմ-ոց ականանետեր և ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ: Ադրբեջանի զինված ուժերը չեն խորշում նաև բնակավայրերի և քաղաքացիական անձանց գնդակոծությունից: 
Երեկ երեկոյան Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում իր տան մոտ հրազենային վիրավորում է ստացել ՀՀ քաղաքացի 64-ամյա Նորիկ Ալիխանյանը, մեկ այլ քաղաքացու տնտեսությանը հասցվել է մեծ վնաս: ՀՀ զինված ուժերը և ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները անցել են զինված դիմակայության պայմաններում իրավիճակի կայունացմանն ուղղված և ադրբեջանական կողմի զսպման գործողությունների: