20-08-2014 15:38

Ադրբեջանը պետք է դասեր քաղի վերջին իրադարձություններից . ԼՂՀ պաշտպանության նախարար

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը ողջունում է Սոչիում նախագահների եռակողմ հանդիպումը և ընդգծում, որ ցանկացած պատերազմի և հակամարտության ավարտը բանակցություններն են:
Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մովսես Հակոբյանն ընդգծել է, որ Սոչիում կայացած հանդիպումը կարևոր էր նաև այն առումով, որ այն հաջորդել էր սահմանային լրված իրավիճակին:
«Թե ինչ արդյունք կտա այս հանդիպումը, կարծում եմ, պետք է սպասենք: Ես առանձնապես մեծ ակնկալիքներ չունեմ, քանի որ այս պահին ես չեմ տեսնում, որ Ադրբեջանը ցանկանում է հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նա:
Հակոբյանն ընգդծել է, որ Ադրբեջանը պետք է դասեր քաղի վերջին իրադարձություններից և որոշակի եզրահանգումներ անի: Հարցին, թե այս պահի դրությամբ շփման գծում հարաբերական անդորրն արդյոք կապվա՞ծ է նախագահների հանդիպման հետ, Հակոբյանը պատասխանել է, որ այդ անդորրը հաստատվել էր դեռևս օգոստոսի 5-ին՝ նախագահների հանդիպումից մի քանի օր առաջ:
«Ես կարծում եմ, որ նրանք (ադրբեջանցիները- հեղ.) որոշակի եզրահանգման են եկել, հասկացել են, որ իրենց գործելաոճն արդյունավետ չէ, դրա համար էլ հանդարտվել են: Սակայն միևնույն ժամանակ, սա մեզ չի հանգստացնում և առաջնագծում կանգնած զինվորները շարունակում են ծառայություն իրականացնել նույն ռեժիմով, ինպես ծանում էին վերջին լարված օրերի ընթացքում»,- ասել է Հակոբյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից առաջնագծում ծանր տեխնիկայի կուտակումներին՝ ՊԲ հրամանատարն ընդգծեց, որ դա արվել է հայ հասարակության մոտ վիրտուալ վախ առաջացնելու նպատակով, սակայն իրադարձությունների հետագա զարգացումը ցույց է տվել, որ դա որևէ կերպ խուճապ չի առաջացրել:
«Նրանք նման քայլով փորձում էին մեզ վախեցնել, շանտաժի ենթարկել և հասնել նրան, որ մենք մոբիլիզացիա հայտարարենք և հասարակության մեջ խուճապ առաջանա, սակայն մենք նրանց գործողություններին պատասխանեցինք առաջնագծում մեր տեխնիկան առաջ տալով, ինչի արդյունքում նրանք արդեն օգոստոսի 5-ից հետո հետ քաշեցին նաև իրենց ծանր տեխնիկան»,- նշել է Հակոբյանը: