Բավ է պառակտվել
30-09-2015 14:59

Ադրբեջանը վաղուց կգրավեր Ղարաբաղը, եթե կարողանար. Կոմանդոս

Ադրբեջանը վաղուց կգրավեր Ղարաբաղը, եթե այդպիսի հնարավորություն ունենար, լրագրողներին ասաց ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ–մայոր Արկադի Տեր–Թադևոսյանը (Կոմանդոս)` մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության գոտում և հայ–ադրբեջանական սահմանին լարվածության աճը։ Նրա խոսքով` ամեն անգամ Ադրբեջանը փորձում է լարվածություն ստեղծել սահմանին, և այստեղ գործում է «պարույրի օրենքը». որքան ձգվում է ժամանակը, այնքան ավելի լարված է իրավիճակը։  «Անհրաժեշտ են մեխանիզմներ սահմանին լարվածությունը թուլացնելու համար, բայց մեխանիզմներն ավելի քան 20 տարեկան են, և դրանք չեն աշխատում»,– նշեց Կոմանդոսը։ Նա հավելեց, որ ադրբեջանական կողմի ստեղծած լարվածությունը նրա վերջին հնարավորությունն է` իր կեղծ գաղափարախոսությունը և այսպես կոչված Ղարաբաղի ազատագրման քաղաքականությունը ցուցադրելու համար։ «Մենք չենք զգում պատերազմի հոտը, մենք զգում ենք սադրանքի հոտը։ Ադրբեջանը ցանկանում է ապացուցել, որ հզոր երկիր է, որը կարող է հաշված րոպեների ընթացքում հարձակվել Հայաստանի վրա, բայց իրականում դա այդպես չէ»,– ասաց Կոմասնդոսը և հավելեց, որ սադրանքներում խառնված է Ադրբեջանի ամենալավ դաշնակիցը` Թուրքիան։ Միաժամանակ նա հայտարարեց, որ չի հավատում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանը։ «Պատերազմ չսկսվելու հավանականությունը հավասար է 95 տոկոսի, իսկ մնացած 5 տոկոսն ադրբեջանական արկածախնդրություն է»,– կարծում է Կոմանդոսը։