Բավ է պառակտվել
05-02-2015 16:44

ՀՀ-ից ապաստարան խնդրած ադրբեջանցիների ընտանիքը տեղափոխվել է երրորդ երկիր

Հայաստանում ապաստարան խնդրած ադրբեջանցիների ընտանիքի հինգ անդամները տեղափոխվել են երրորդ երկիր: Փախստականների հարցերով զբաղվող ՄԱԿ-ի ներկայացուցչության Գերագույն կոմիսարի ներկայացուցչությունում չեն տրամադրել տեղեկություն այն մասին, թե կոնկրետ որ երկիրն է տեղափոխվել Օրուջևների ընտանիքը, քանի որ, համաձայն մանդատի, կազմակերպությունը չի կարող հրապարակել անձնական բնույթի տեղեկություններ: Հիշեցնենք, որ ըստ Հայաստանի Ազգային Անվտանգության խորհուրդի տեղեկությունների՝ ընթացիկ տարվա հունվարի 29-ին Բագրատաշենի հայ-վրացական սահմանի անցակետին դիմել է Բաքու քաղաքի բնակիչ, 1976 թվականին ծնված Ջավիդ Օրուջևը իրեն, իր կնոջը և երեք անչափահաս երեխաներին քաղաքական ապաստարան տալու խնդրանքով: Իր որոշումը նա հիմնավորել է իր նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող հետապնդումներով: Մասնավորապես, Ջավիդ Օրուջևը պատմել է, որ իր հանդեպ գործադրած ադրբեջանական հատուկ ծառայության ճնշումները սկսվել են հայկական արմատներ ունեցող 1983 թվականին ծնված Ռ.Միրզոևայի հետ ամուսնանալուց հետո: Չդիմանալով անմարդկային ճնշմանը՝ Օրուջևը համաձայնվել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայության հետ, ինչպես նաև վերջինիս հաղորդել Հայաստանի և սփյուռքի մասին տեղեկությունները արտերկրում բնակվող կնոջ հարազատների միջոցով: Գիտակցելով իր ընտանիքի վտանգավոր վիճակը՝ Օրուջևը ապարդյուն փորձել է բնակվել եվրոպական երկրներից մեկում, սակայն հատուկ ծառայության ճնշումը ուժգնացել է: Հայտնվելով անելանելի վիճակում՝ Օրուջևը որոշել է քաղաքական ապաստարան խնդրել Հայաստանից: Ներկայումս ՄԱԿ-ի երևանյան ներկայացչությունը և Հայաստանի Միգրացիոն ծառայությունը զբաղվում են այդ ընտանիքի հետագա ճակատագրով: