Բավ է պառակտվել
24-03-2015 12:25

Ադրբեջանը չի ցանկանում վերսկսել Հայաստանի հետ պատերազմը. Արցախի հերոս

Ղարաբաղյան պատերազմի վետերան, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) ապրիլի 20-ից հետո Ադրբեջանի սահմանին լայնածավալ սադրանքներ է կանխատեսում: Նրա խոսքով՝ Թուրքիան Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերի հակահարվածի ծրագիր է մշակել: Նրա կարծիքով՝ միևնույն ժամանակ թուրքական կողմը փորձում է ձևացնել, թե ձգտում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, ահա թե ինչու Անկարայի քայլերը պաշտոնական մակարդակով կատարվում են մշակույթի և դիվանագիտության ոլորտում, մինչդեռ թուրքական հակահարվածի ռազմական մասը ստանձնել է ադրբեջանական կողմը: Վետերանի խոսքով՝ ԼՂ հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին վերջին ժամանակների լարվածության աճը կարելի է դիտարկել հենց նախապատրաստվող սադրանքի համատեքստում: Կոմանդոսի գնահատականներով՝ դիվերսիաների ակտիվացման միակ նպատակը հայկական կողմի թույլ կողմերը ուսումնասիրելը և ապրիլի 20-ից հետո նախապատրաստվող լայնածավալ դիվերսիայի ժամանակ օգտագործելն է: Սակայն մինչ այդ ադրբեջանական կողմը կբարձրացնի լարվածությունը և տարբեր ուղղություններով կփորձի դիվերսիաներ կատարել: Վետերանը ընդգծեց, որ ստեղծված պայմաններում հասարակությունը և ղարաբաղյան պատերազմի վետերանները պետք է առավելագույնս աջակցեն առաջնային գծում կանգնած զինվորներին՝ օգնելով դիմակայել նախապատրաստվող դիվերսիաներին: Այնուամենայնիվ Կոմանդոսը համոզված է, որ ադրբեջանական կողմը չի դիմի ռազմական գործողությունների վերսկսմանը: Երկու կողմերի հավանական հաջողությունը կապված կլինի մեծ մարդկային և նյութական կորուստների հետ, սակայն Ադրբեջանի դեպքում հիմնական հարվածը կհասցվի գազատարներին և նավթատարներին, «որոնք նրանց չեն պատկանում, ահա թե ինչու Ադրբեջանին ոչ ոք թույլ չի տա պատերազմել»: Դեռ ավելին՝ Տեր-Թադևոսյանի համոզմամբ, նոր պատերազմի ավարտը կարող է խորհրդանշել Ադրբեջանական պետության գոյության ավարտը: Լրագրողները նաև հետաքրքրվեցին վետերանից, թե որն է Ռուսաստանի դերը ստեղծված պայմաններում և արդյո՞ք արժե ակնկալել ՌԴ աջակցությունը՝հաշվի առնելով այն փաստը, որ այս երկիրը Ադրբեջանին զենք է վաճառում: Կոմանդոսը պատասխանեց, թե զենքի վաճառքըբացառապես բիզնես շահերի հարց է համարում: Նրա խոսքով՝ բնականաբար զենքի վաճառքը Ռուսաստանին ուղղված հայկական կողմի քննադատությունն է առաջացնում, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ Մոսկվայի հետ հարաբերությունների դրական կողմերը գերազանցում են քննադատելի մասերին: