Բավ է պառակտվել
22-03-2014 14:33

Ազատության հրապարակում կրկին պայքարի ու բողոքի ակցիա է

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամներն այսօր հանրահավաք են անցկացնում Երևանի Ազատության հրապարակում։ Դրան կհաջորդ երթ Երևանի կենտրոնական փողոցներով: Նախաձեռնության անդամները կոչ են արել ցույց տալ համախմբվածությունն ու հանրությանը ներկայացնել այն ամենը, ինչ տեղի է ունեցել հունվարի 18-ի հավաք-երթից հետո և տալ տեղի ունեցած իրադարձությունների գնահատականը: Հավաք-երթին մասնակցում են և առանձին ելույթներով հանդես կգան 4 ոչ իշխանական ուժերի՝ Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների մեկական ներկայացուցիչներ, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Նախախորհրդարանի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, ինչպես նաև դերասան Աշոտ Ադամյանը։ Հիշեցնենք, որ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները Սահմանադրական դատարանից պահանջում են հակասահմանադրական ճանաչել օրենքի որոշ դրույթներ, մասնավորապես` պարտադիր բաղադրիչը։ ԱԺ վերոնշյալ 4 խմբակցություններն այս հարցով դիմել են Սահմանադրական դատարան, որն իր որոշման մասին պետք է հայտնի ս. թ. մարտի 28-ին։