Բավ է պառակտվել
10-05-2014 14:18

Քեսաբի դեպքերը ցույց տվեցին, որ հայությունը պատրաստ չէ դիմակայել բիրտ ուժին

21-րդ դարում հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերներն առավել լուրջ են եւ վտանգավոր: Թվում էր, թե համաշխարհային առաջընթացը համայն հայությանը պիտի բերեր ծաղկուն խաղաղություն, երազանքների իրագործում եւ վերջապես պատմական արդարության հաստատում: Ավաղ, աշխարհաքաղաքական ժամանակակից գործընթացներն այնպիսին են, որ ամենուրեք անտեսված եւ ճնշված են մեր ժողովրդի կենսական իրավունքները, ազգի լինելիությունը վտանգի տակ է թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում: Այդ մասին ասվում է Դաշտային հրամանատարների խորհրդի հայտարարության մեջ:

''Հայությունը շարունակում է գոյատեւումը դաժան պայքարի շրջանակներում: Դեպի հաղթական հարատեւում ճանապարհը գրեթե անանցանելի է: Երբեմնի կենսունակ ազգն աստիճանաբար կորցնում է իր ավանդական, քաղաքակրթական, գիտամշակութային փառքը եւ վերածվում անդեմ, գորշ քոչվոր հանրության: Այս իրողությունն է տիրում պատմական հայրենիքի փոքրիկ բեկորում՝ ՀՀ-ում, որտեղ արտագաղթը հասել է աղետալի չափերի: Այդպես է նաեւ սփյուռքում: Իսկ Քեսաբի վերջին դեպքերը ցույց տվեցին, որ հայությունը պատրաստ չէ դիմակայել իրեն արտահանող բիրտ ուժին: Ըստ այդմ՝ հասունացել է պահը ստեղծելու վերոհիշյալ մարտահրավերներին դիմակայելու համազգային կենտրոն:

Դաշտային հրամանատարների խորհուրդը կոչ է անում համախմբվել համահայկական դիմադրության՝ ''Առաջին ''ստեղծման շուրջ եւ առաջարկում է անհապաղ ձեւավորել հատուկ մարմին՝ այդ գաղափարի իրագործման եւ համապատասխան կառուցակարգերի մշակման ուղղությամբ: Պահն օրհասական է, հապաղելն՝ այլեւս անթույլատրելի'',- ասվում է հայտարարության մեջ: