Բավ է պառակտվել
11-04-2014 19:32

ՀՀ նախագահական նստավայրի մոտ ազատամարտիկները շարունակում են համառ պայքարել

Այսօր՝ ապրիլի 11-ին,նախագահականի նամակների ընդունման բաժնում Ազատության հրապարակից երթով նախագահական գնացած ազատամարտիկներին պատասխանեցին, որ պահեստազորի գնդապետ, խարդախության համար մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի գործը գտնվում է դատաքննության փուլում, և անգամ նախագահը իրավունք չունի միջամտելու։ ՛՛Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի՛՛ քաղաքացիական նախաձեռնության անդամ Գագիկ Սարուխանյանը նշել է, որ իրենց խնդիրը չէր վերաբերում նրան, որ նախագահը միջամտի դատաքննությանը, այլ այն, որ նախագահը որպես Սահմանադրության երաշխավոր պետք է վերադարձնի դատական եւ իրավական ատյանները Սահմանադրության դաշտ։  ՛՛Մենք ինչ սպասում էինք, այդպես էլ եղավ, մենք գիտեինք, որ սրանք անտարբեր են էդ հարցին, որովհետեւ իրանց շոպլիկների միջոցով գլուխ են գովացել, թե տեսա՞ք՝ ոնց սարքեցինք Վոլոդյա Ավետիսյանի գլխին՛՛: Ըստ Սարուխանյանի՝ հաղթանակը մոտ է, եւ Վոլոդյա Ավետիսյանին պիտի բաց թողնեն.՛՛Եթե բաց թողնեն, Վոլոդյան իրենցից հաշվետվություն է պահանջելու, թե ով է սարքել, եւ իրենք դրանից հետո ստիպված են լինելու մի քանի քննիչի, դատավորի գործից հեռացնել՛՛։ Ազատամարտիկները նշեցին, որ իրենք մինչև վերջ պայքարելու են իրենց մարտական ընկերոջ ազատության համար: Ակցիան հսկում էին մի խումբ ոստիկանները: Հիշեցնենք, որ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է ՛՛քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար՛՛: