Բավ է պառակտվել
20-04-2014 12:49

Այսօր նշում ենք Սուրբ Հարության տոնը

Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը նաև կոչվում է Զատիկ, ինչը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով՝ վերադարձ առ Աստված: Զատիկը թե՛ Հին և թե՛ Նոր Կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Այն կապված է ազատագրության և փրկագործության պատմական զույգ իրողությունների հետ:
Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, փակելով մեծ քարով: Կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը: Նրանք, սակայն, զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):
Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուսը երևում է նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս.Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»: Ձուն ներկում են բացառապես Ս. Հարության տոնի առթիվ՝ շաբաթ երեկոյան և կիրակի: Այն Ս. Հարության տոնի խորհրդանիշն է:
Ձու պետք է ներկեն նաև այն ընտանիքները, որտեղ ննջեցյալ կա: Մարդիկ հաճախ կարմիր ձուն ուրախության հետ են կապում, իրականում կարմիր գույնը խորհրդանշում է Քրստոսի թափած արյունը, որը նաև այն մարդու համար է, ով արդեն ննջել է: Եվ Զատկին ձուն որպես սգի նշան առանց ներկելու մատուցելը վայել չէ Քրիստոնյային, քանի որ մենք հավատում ենք, որ Դատաստանի օրը բոլոր ննջեցյալները հարություն են առնելու և նրանք, ովքեր արժանացել են Քրիստոսի թափած արյունով փրկվելուն, Աստծո Արքայությունում պիտի դասվեն:
«Քրիստոս հարյավ ի մեռելոց», «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի». այսպես են հայ քրիստոնյաները տոնի առթիվ շնորհավորում իրար՝ ավետելով Փրկչի հարությունը: