Բավ է պառակտվել
26-03-2014 13:35

Այսօր Մեծ Պահքը կիսվում է իսկ տանտիկինները պահոց գաթա են պատրաստում

Մեծ Պահքն այս տարի կիսվում է այսօր՝ մարտի 26-ին և կոչվում է միջինք: Օրվա խորհրդի հետ ծանոթանալու համար gisher.news-ի թղթակիցը զրուցեց Արարատյան հայրապետական թեմի ԱՀՔ երիստասարդական կառույցների համակարգող արժանապատիվ Տեր Պետրոս Ավագ քահանա Մալյանի հետ: «Միջինքին Մեծ պահքը չի ընդհատվում: Այսինքն, պահեցողները շարունակում են պահել պահքը»,- ասաց Տեր հայրն ու ավելացրեց. «Ըստ Մաղաքիա արք.Օրմանյանի` Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Դ (չորրորդ) չորեքշաբթի կամ Մեծ պասի 24-րդ օրը: Միջինքից սկսած` Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի»:
Տեր Պետրոսը նաև նշեց, որ օրն ունի ժողովրդական , ազգային նկարագիր ունեցող արարողակարգ ևս. «Ավանդության համաձայն հայ տանտիկինները թխում են բաղարջ՝ պահոց գաթա, որի մեջ մետաղադրամ են դնում: Բաղարջ բաժանվում է ընտանիքի անդամաների թվով և ում բաժին ընկնի այդ դրամը, այդ տարի հաջողություն կունենա: Իսկ եթե դանակը հատում է մետաղադրամը, նշանակում է հաջողությունն ամբողջ ընտանիքինն է»:
Nwes.gisher.ru-ուն ընթերցողներին է ներկայացնում նաև պահոց բաղարջի պատրաստման եղանակը՝ Միջինքի բաղարջ /Տապլա/ (Մեծ պաս) 10 հոգու համար. 1 կգ ալյուր, 100գ մեղր, 150գ ձեթ, 200գ ջուր, 12գ սոդա, 20գ աղ: Բարձրորակ ալյուրով, մեղրով, աղով, ձեթով, խմորի սոդայով և գոլ ջրով, առանց երկար հունցելու պատրաստել պինդ խմոր, ծածկել խոնավ շորով և թողնել հանգստանալու 15-20 րոպե: Ապա խմորի որևէ հատվածում կարելի է դնել մետաղադրամ կամ խաչ, գրտնակել 1-1.5սմ հաստության կլոր շերտով, կողքերը նախշել, երեսին պատառաքաղով գծեր քաշել, մի քանի տեղից ծակել, մեղր քսել և թխել թոնրում կամ փռում: Մատուցել ընթրիքին:

Տաթև Առաքելյան