17-03-2014 20:58

Այսօր լուսաբացին Կարենը մեկնեց Գերմանիա

Երկու ամիս առաջ իր շենքի բակում անհայտ անձի կողմից հարվածներ ստանալու հետեւանքով «Եզրագծից այն կողմ» եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից, Արցախյան ազատամարտի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ, 3 երեխաների հայր Կարեն Մկրտչյանն այսօր՝ մարտի 17-ին, վաղ առավոտյան, մեկնում է Գերմանիա: 

Կարեն Մկրտչյանին ուղեկցելու է ընկերը՝ դերասան Վարդան Արզումանյանը, նրանք վայրէջք են կատարելու Ֆրանկֆուրտում: Գրիգոր Մկրտչյանն ասաց, որ բժիշկներ չեն ուղեկցելու որդուն, ընդամենը թռիչքից առաջ պետք է ցավազրկող դեղամիջոց օգտագործի: Հայրը նշեց, որ որդին եւ ընկերը մնալու են հյուրանոցում, հիվանդանոցում հետազոտման համար պահանջվող 5000 եվրոն նախապես վճարել են:

Գերմանացի բժիշկները նրանց հայտնել են, որ միայն ամբողջական հետազոտությունից հետո պարզ կլինի, թե ինչ պետք է անեն՝ կվիրահատեն, թե դեղորայքային բուժում կստանա եւ ինչքան ժամանակ պետք է լինի իրենց հսկողության ներքո:

Գրիգոր Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր օգնել են Կարենին: Թե ինչքան գումար է հավաքվել, նա կոնկրետ չգիտի: «Կոնկրետ թիվ չեմ կարող ասել, ժողովուրդը օգնում է, տարբեր մարդիկ փող են հավաքում, փոխացնում, լինում է, որ բերում են մեզ են տալիս, Կարենը կալյասկայով իջնում է, վերցնում, տանում բանկ, եվրո դարձնում եւ գցում իր հաշվեհամարին»,- նշեց նա:

Ի դեպ, դերասանի առողջական վիճակը նույնն է, իրեն թույլ է զգում, չի կարողանում քայլել եւ հազիվ է խոսում:

Կարենին օգնելու նպատակով Առնո Բաբաջանյան համերգասրահում մարտի 30-ին կկազմակերպվի բարեգործական համերգ, իսկ մարտի 9-ին էլ ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներն ու ՀԱԱՀ-ի վարժարանի ուսանողները անցկացրեցին բարեգործական ֆուտբոլային հանդիպում, որի ընթացքում հավաքվել է մոտ 150 հազար դրամ: